ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ դեկտեմբերի 24-ին այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն` մասնակցելու տոնական միջոցառմանը: Նրանց դիմավորել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը և «Ճախրուկ» ՀԿ հիմնադիրներ Անահիտ, Անուշ և Աննա Մխիթարյանները:
Մանկատանը տրամադրությունը տոնական էր, երգ ու պար, ներկայացումներ, ցուցադրություն: Մանկատան սաները Աննա Հակոբյանին են ներկայացրել իրենց ձեռքի բացառիկ աշխատանքները, որոնք տարվա մեջ մի քանի անգամ ցուցադրություն-վաճառքի են հանվում: Սաների զբաղվածության մի մեծ հատված նվիրված է արհեստին ու արվեստին:
Մանկատան սաները իրենց աշխատանքներից մի քանի օրինակ են նվիրել ներկաներին: Վարչապետի տիկնոջ համար առանձնացրել էին արջուկների արձանիկը, որը խորհրդանշում է ընտանիքը:
Միջոցառման հաջորդ մասում «Ճախրուկներն» էին, հանդես են եկել աշուղական երգերով: Համերգային հատվածից հետո վարչապետի տիկինը մանկատան սաների հետ թխվածքաբլիթներ է պատրաստել-նկարազարդել:
Մխիթարյան քույրերը Աննա Հակոբյանին են ներկայացրել «Ճախրուկների» պատրաստած «աման-չամանի» նոր շարքը, որը հաջորդ տարի ցուցադրություն-վաճառքի են հանելու: Հասույթը ուղղում են մանկատան սաների բուժմանը:
Ճախրուկներն» այս անգամ նաև նորույթ ներկայացրին. «աման-չամանի» շարքը շարունակող «խաղալիք-մաղալիքները»` տոնածառ զարդարելու համար: Սա արդեն վաճառքի չէ, այլ նվեր` մանկատուն այցելած հյուրերի համար: «Խաղալիք-մաղալիք» ստացան նաև Աննա Հակոբյանն ու Մարիամ Փաշինյանը:
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էլ, իր հերթին, «Ճախրուկներին» Ձմեռ պապից ուզած իրենց նվերները բաժանեց, որը, բոլոր մանկատների շահառուներին «Ձմեռ պապի» անունից բաժանվող նվերների մի մասն էր:
Ձմեռ պապին անհատական նամակ է գրել երեխաների շուրջօրյա և ցերեկային խնամքի հաստատություններում ապրող ավելի քան 940 երեխա, իսկ Ձմեռ պապին ուղարկված նամակներում գրված ցանկությունները միշտ կատարվում են:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով, Ամանորին ընդառաջ, վարչապետի ֆոնդից ձեռք են բերվել երեխաների՝ նամակներում գրված բոլոր նվերները, և այս օրերին, մի մասը անձամբ վարչապետի տիկինը, մյուս մասը՝ վարչապետի աշխատակազմը բաժանում են հանրապետության բոլոր շուրջօրյա և ցերեկային խնամքի կենտրոններում գտնվող երեխաներին: