Պետությունը գործատուներին կտրամադրի միանվագ ֆինանսական աջակցություն, եթե նրանք աշխատանքի ընդունեն Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում հաշվառված այն գործազուրկներին, որոնց տարիքը 35-ից բարձր է, ու կենտրոնում գրանցված են առնվազն երեք ամիս:
Կամ էլ նպաստառու են՝ անկախ տարիքից ու գրանցված լինելու ժամկետից: Առաջին խմբի քաղաքացիների դեպքում աջակցությունը կլինի 250 հազար դրամ: Նպաստառու գործազուրկների դեպքում՝ 350 հազար:
Ժորա Սարգսյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Պետք է պայմանագիրը կնքվի առնվազն մեկ տարի ժամկետով և նորմալ աշխատաժամանակի ռեժիմով:
Եթե գործատուն աշխատանքի ընդունի նպաստառու գործազուրկի և ապահովի սեզոնային զբաղվածություն, ինչը կարող է լինել մինչև 8 ամիս ժամկետով, իրավունք ունի պայմանագիր կնքել այդ ժամանակահատվածի համար: Բայց պետության աջակցությունն արդեն կլինի համամասնորեն:
Ծրագրին կարող են դիմել այն գործատուները, որոնք համապատասխանում են սահմանված չափանիշներին
1. պետական կառավարման համակարգի մարմին չեն.
2. ծրագրին դիմելու պահին գործել են առնվազն 2 տարի.
3. վերջին 3 ամսում ունեցել են առնվազն 10 աշխատող.
4. հաշվարկված եկամուտներն այդ երեք ամսում կա՛մ չեն նվազել, կա՛մ նվազել են 5 տոկոսից ոչ ավելի:
Սկզբնական փուլում նախատեսվում է ծրագիրն իրականացնել 200 գործազուրկի համար: Կախված պահանջարկից, ֆինանսական հնարավորություններից և արդյունավետությունից՝ կքննարկվի ընդլայնելու հարցը: Ներկայումս սոցիալական կենտրոններում հաշվառված է մոտ 50 հազար գործազուրկ, որից 35 հազարը 35 և ավելի տարիքի են:
Ոլորտի պատասխանատուները հույս ունեն այս ծրագրով կայուն զբաղվածության հիմքեր դնել: Նախարարի տեղակալը նշում է՝ նմանատիպ այլ ծրագրերը ցույց են տալիս, որ եթե աշխատանքային հարաբերությունները տևում են մեկ տարի, նույնիսկ մինչև 80 տոկոս դեպքերում դառնում են շարունակական:
Ժորա Սարգսյան - Եթե աշխատանքային հարաբերություններում այդ մեկ տարվա ընթացքում խնդիրներ չեն առաջանում, որևիցե գործատու ինքն իր նախաձեռնությամբ պայմանագիրը չի լուծի, որովհետև իրեն էլ է պետք արդեն իսկ փորձառու, մեկ տարվա ստաժ ունեցող աշխատող:
Ռիմա Սիմոնյանը այս նոր ծրագրի առաջին շահառուն է: Պոլիէթիլենային տոպրակների արտադրամասում փաթեթավորող է աշխատում:
Ընկերության տնօրենն ասում է՝ սոցիալական ծառայության հետ վաղուց են գործակցում: Օրերս առաջարկ են ստացել միանալ ծրագրին ու արագ արձագանքել են: Այդ պայմաններով դեռ միայն մեկ աշխատող ունեն: Նոր հաստիք ազատվելու դեպքում անպայման նորից կդիմեն:
Ռազմիկ Պետրոսյան («ԱՆԻ ՊԼԱՍՏ» ՍՊԸ տնօրեն) - Ծրագիրը նրանով է լավ, որ առաջին հերթին իրենք հատուկ այդ աշխատանքի համար աշխատող են գտնում, այսինքն՝ քո փոխարեն իրենք են զբաղվում, գտնում ճիշտ մարդու, որը կուզի նման աշխատանք կատարել:
Այստեղ դեմ չեն տիկին Ռիմայի հետ պայմանագրի ժամկետը հետագայում երկարաձգելու:
Ռազմիկ Պետրոսյան - Ինձ թվում է՝ արդեն ինքը նորմալ աշխատում է: Իր ցանկությամբ, եթե ինքը կուզի, կմնա: Կմնա կաշխատի:
Ռիմա Սիմոնյան (ԱՆԻ ՊԼԱՍՏ» ՍՊԸ աշխատակից) - Ինչու չէ, նորմալ աշխատանք է: Պայմանագիրը լրանալուց հետո, հա, կշարունակեմ աշխատել անպայման:
Հեղինակ՝ Աննա Զախարյան