Արմեն Սիմոնյան (ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ) - 2023 թվականին մենք բյուջեով նախատեսել ենք որ այդ համակարգի գործելիությունը Հայաստանի Հանրապետությունում ապահովենք: Սրա շրջանակում ենթադրվում է, որ 23-ի վերջում աշխատանքները կավարտվեն, 24 թվից կունենանք աշխատող համակարգ:
Վթարային իրավիճակում արտակարգ օպերատիվ ծառայության այս համակարգը մեր երկրում պետք է գործեր դեռ 2020 թվականից: Համավարակն ու պատերազմը հետաձգեցին դրա կիրառումը: ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջն է՝ երկիր ներմուծվող բոլոր մեքենաները 2023 թվականից պետք է սարքավորված լինեն SOS կոճակով:
Արմեն Սիմոնյան - Տրանսպորտային միջոցը ներմուծելիս այն պետք է ստուգվի՝ արդյոք համապատասխանո՞ւմ է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգին պահանջներին, հակառակ դեպքում ներմուծումը չի լինի, դրսում վաճառելու համար կաշխատի:
Հին, օրինակ՝ 80-90-ականների արտադրության մեքենաների համար, SOS կոճակի առկայությունը պարտադիր չի լինի, ցանկության դեպքում հնարավոր կլինի ավելացնել համակարգը:
Արսեն Սարոյան (ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ վարչության պետի տեղակալ) - Ավտոմեքենայի մեջ ներդրված համակարգը լինելու է և՛ կոճակի տեսքով, և՛ սենսորային տեսքով: Հետադարձ կապ է հաստատվելու վարորդի հետ, եթե վարորդը կարողանում է խոսել, կապ կհաստատվի նրա հետ, և ազդանշանը կուղարկվի 911, այսինքն՝ մեզ:
Սոֆյա Հովհաննիսյան (ՀՀ ԱԻՆ 911 ծառայության օպերատոր) - Բաղրամյան պողոտայում գրանցվել է ՃՏՊ՝ վրաերթի ելքով, տուժածը գտնվել է երթևեկելի մասում, ահազանգը գրանցվել է, փոխանցվել ոստիկանություն և շտապօգնություն, դեպքի վայր է ժամանել մեկ մարտական հաշվարկ:
Մայրաքաղաքում տեղի ունեցած այս դեպքին հնարավոր է եղել արագ արձագանքել, ժամանակին է կանչը գրանցվել: Իսկ այն դեպքերում, երբ կապի ծածկույթի խնդիր լինի, վարորդ-ուղևորների հետ կապը միասնական օպերատորին կապահովվի տվյալ վայրում ավելի լավ ծածկույթ ունեցող օպերատորի միջոցով:
Արսեն Սարոյան - Օրինակ՝ տեսեք. Բաղրամյան պողոտայում վթար է եղել, համակարգի միջոցով ֆիքսվեց ՃՏՊ, մենք անմիջապես էլեկտրոնային համակարգի միջոցով կարձագանքենք ավելի արագ, և, բնականաբար, ավելի շատ կյանքեր կփրկվեն:
Այս համակարգին միացած մեքենաները նաև եվրոպական երկրներում, ԵԱՏՄ տարածքում ավելի ապահով կլինեն, համակարգը փոխգործելի է մի շարք երկրներում:
SOS համակարգի գործարկումը միայն ՃՏՊ-ների դեպքում չի գործի: Օրինակ՝ եթե մեքենան անսարք է կամ ձմռանը ճանապարհին է մնացել, վարորդն ինքը կարող է ազդանշան ուղարկել: Մտավախությունը, թե այդ կերպ կարող են վերահսկել իրենց տեղաշարժը, տեղին չէ՝ համակարգի աշխատանքն է բացատրում է ՃԿԱԿ վարչության պետի տեղակալը:
Համակարգի ստացած տեղեկատվությունը կարող է պիտանի լինել նաև ԱՊՊԱ համակարգի համար, այդ կերպ կեղծ վթարներ կազմակերպելը կբացառվի: Իսկ ընդհանուր առմամբ մեր երկրում այս տարվա սկզբից մինչև հոկտեմբերի 31-ը 3484 ՃՏՊ է գրանցվել, 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ 8.9 տոկոսով կամ 342 դեպքով ավելի քիչ: