ՀՐԴԵՀ ՌԴ ԾԵՐԱՆՈՑՈՒՄ. ԿԱ 20 ԶՈՀ
Ռուսաստանի Կեմերովո քաղաքում գտնվող երկհարկանի մասնավոր ծերանոցում հրդեհ է բռնկվել: Դեպքի պահին շենքում եղել է 26 մարդ, 20-ը զոհվել է՝ հայտնում են արտակարգ իրավիճակների ծառայությունները։ Մյուս տուժածներին հոսպիտալացրել են: Իրավապահների տվյալով՝ ծերանոցը գրանցված չի եղել համապատասխան ռեեստրում: Ոստիկանությունից տեղեկացրել են, որ հրդեհի պատճառը վառարանի ոչ պատշաճ շահագործումն է:
ԱՌԱՏ ՁՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՄՆ-ՈՒՄ ԿԱՆ ԶՈՀԵՐ ԵՎ ՏՈՒԺԱԾՆԵՐ
Միացյալ Նահանգների մի շարք շրջաններում ուժեղ ձյուն է տեղացել, ճանապարհներին վատ տեսանելիության պատճառով ավելացել են վթարները, կան զոհեր: Նյու Յորքում տները և մեքենաները թաղվել են ձյան տակ՝ հայտնում է Reuters գործակալությունը: Որոշ կամուրջներով երթևեկությունը դադարեցվել է, խաթարվել է օդանավակայանների աշխատանքը, գրանցվել են էլեկտրաէներգիայի անջատումներ: Ամերիկյան լրատվամիջոցների տվյալով՝ առաջիկա շաբաթվա ընթացքում եղանակային պայմանները կվատթարանան: Ուժեղ քամիներն էլ ավելի են սրում իրավիճակը:
ԸՍՏ ԹԱԼԻԲՆԵՐԻ՝ ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԿԻՆ ՉՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԻ
Թալիբների որոշմամբ՝ այսօրվանից Աֆղանստանի համալսարաններում այլևս չպետք է աշխատեն իգական սեռի ներկայացուցիչներ՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Ավելի վաղ՝ թալիբների բարձրագույն կրթության նախարարությունը նաև նամակ էր ուղարկել Աֆղանստանի համալսարաններ՝ ծանուցելով, որ իգական սեռի ներկայացուցիչներն այլևս չեն կարող սովորել բուհերում: Շարժումը նշում է 4 պատճառ՝ տղամարդիկ միշտ ի վիճակի չեն ուղեկցել աաղջիկներին համալսարան և ապրել նրանց հետ հանրակացարաններում, ուսանողուհիները խախտում են հիջաբ կրելու կանոնները, համալսարաններում տղամարդկանց և կանանց համատեղ կրթությունն անհնար է, թալիբների համար խնդիր է նաև այն, որ շատ աղջիկներ այնպիսի դասընթացների են հաճախում, որոնք, շարժման համոզմամբ, «հակասում են իսլամական օրենքին և վիրավորում աֆղանստանցիների հպարտությունը»։ Որոշման ընդունումից հետո կանայք սկսել են ցույցեր կազմակերպել թալիբների որոշման դեմ և պարբերաբար հավաքվում են համալսարանների մոտ:
Վաշինգտոնը զգուշացրել է, որ ԱՄՆ վարչակազմը մտադիր է դաշնակիցների հետ համատեղ քայլեր ձեռնարկել թալիբների շարժման դեմ և պատասխանատվության ենթարկել նրանց՝ կանանց իրավունքները սահմանափակելու համար:
ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ. ԱԲԴՈԼԼԱՀԻԱՆ
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ իր երկիրն առայժմ պատրաստ է վերականգնել Իրանի միջուկային ծրագիրը, սակայն նման հնարավորություն միշտ չի լինելու: Նա տեղեկացրել է, որ վերջերս Հորդանանում ԵՄ արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ պայմանավորվել են համաձայնագրի վերականգնմանն ուղղված վերջնական քայլերի մասին:
Ամերիկյան կողմը, սակայն, նշում է, որ Իրանի իշխանությունները ոչնչացրել են միջուկային ծրագրին արագ վերադառնալու հնարավորությունը: ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն ընդգծել է, որ Վաշինգտոնը, այնուհանդերձ, պատրաստ է բանակցել և խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով: