Հեռուստագովազդի շուկայում փոփոխություններ են սպասվում: Հայաստանում հեռուստատեսային լսարանի չափումներով զբաղվող միակ ընկերությունը՝ «Ադմոսֆեր Արմենիան», որի տրամադրած տվյալների հիման վրա է գովազդի գինը շուկայում ձևավորվում, ըստ միջազգային աուդիտի եզրակացության՝ չափումները սխալ է իրականացրել և ոչ օբյեկտիվ: Պարզվել է, որ ընկերության իրականացրած չափումները չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին և չեն կարող որոշիչ լինել գովազդային շուկայում: Խորհրդարանում կազմակերպված քննարկմանը մասնակցում են բոլոր կողմերը՝ հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ, հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներ, օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ: Խնդիրը մտադիր են օրենքի փոփոխությամբ լուծել, արդեն շրջանառության մեջ է նախագիծը, վերջնարդյունքում կստեղծվի խորհուրդ կամ այլ մարմին` կազմված հեռուստաընկերությունների, գովազդային գործակալությունների, Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի անդամներից:
Սիսակ Գաբրիելյան (ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ) - Նպատակը հետևյալն է, որ դուք ինքներդ որոշեք, ընտրեք և նաև հետո էդ խորհրդի միջոցով վերահսկեք այն վարկանիշները, որոնք կտա ձեր իսկ կողմից ընտրված կազմակերպությունը:
Գլխադասային հանձնաժողովի նախագահի պնդմամբ` հունվարին հարցը Կառավարությունում ու ԱԺ-ում կքննարկվի՝ խորհրդարանում, ընդ որում, 24-ժամյա ռեժիմով և նախնական հաշվարկներով փետրվարին արդեն ուժի մեջ կմտնի: Առարկություններ չունի նաև գործադիր մարմինը:
Ավետ Պողոսյան (ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ) - Բոլոր գերատեսչությունները տրամաբանությանը և գաղափարին ամբողջովին կողմ են եղել:
Օրենսդրական այս փոփոխություններն ու ինդուստրիալ կոմիտեի ստեղծումը մի մեծ գործընթացի սկիզբ են, որի արդյունքում գովազդային բյուջեն ավելի արդար կբաշխվի, կվերականգնի գովազդային շուկայի վստահությունը հեռուստաընկերությունների հանդեպ՝ իր դիրքորոշումը ներկայացնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը:
Տիգրան Հակոբյան (Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ) - Փոփոխություններից հետո արդեն ինքը՝ ինդուստրիալ կոմիտեն, բավականին մեծ ծավալի աշխատանքներ ունի կատարելու, և ես հույս ունեմ, և վերջին մեր հանդիպումները դրա ապացույցն են, որ բոլոր հեռուստաընկերությունները, անկախ իրենց քաղաքական կողմնորոշումից, անկախ խմբագրական քաղաքականության տարբեր ընկալումներից, պատրաստ են միասին աշխատել հանուն մեր հասարակության և մեր հեռուստադիտողի և իհարկե իրենց տնտեսական և ֆինանսական շահերի:
Ձևավորված մարմինը մրցույթ կանցկացնի, կընտրի չափումներով զբաղվող ընկերություն և կկարողանա վերահսկել գործունեությունը. հեռուստաընկերությունները համաձայնության են եկել՝ նշում է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը: Հովհաննես Մովսիսյանի խոսքով` բոլորը սպասում էին, որ օրենքը կընդունվի այս տարի, քանի որ դրանից են կախված 2023-ի գովազդային պայմանագրերը:
Հովհաննես Մովսիսյան (Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն) - Հիմա մենք ունենք իրավիճակ, որ հունվարին կամ փետրվարին նոր օրենքը կգործի, բայց դա մեզ վնաս է, որովհետև տարեկան պայմանագրերը հիմա են կնքվում՝ տարվա վերջում և տարվա սկզբում: Այս հանդիպումն էլ այդ նպատակն ունի, որ մենք իրազեկենք գովազդային դաշտի խաղացողներին, մենք տեղյակ ենք, բայց գովազդատուներ, գովազդային գործակալություններ, միջազգային գովազդ բաշխողներ, չափիչներ՝ ապագա, ներկա, նախկին, էս բոլորը պետք է տեղյակ լինեն, թե ինչ է կատարվում դաշտում: Այսինքն` այս օրենսդրական նախաձեռնությունը մեր բոլորի անունից է, և մենք բոլորս եկել ենք կոնսենսուսի, թե ինչպես պետք է դաշտում խաղի կանոններ սահմանվեն:
Այն, որ դաշտում այս բարեփոխումները պետք են, համամիտ են բոլոր կողմերը, դեռ չեն կարողանում համաձայնության գալ մեկ այլ հարցում: Անցումային շրջանում, քանի դեռ մրցույթը չի կայացել, գովազդը րոպեո՞վ է վաճառվելու, թե՞ գործող ընկերության չափումների արդյունքով: Այս հարցում քննարկումները կշարունակեն: