Ուղիղ 50 տարի առաջ կառուցված այս շենքը կես դար ակտիվ է պահել Դիլիջանի մշակութային կյանքը, դարձել քաղաքի վարչական կենտրոնի դիմագծի անբաժանելի մասը: Մշակույթի պալատը վերջին անգամ նորոգվել է 1986-ին, հետո վնասվել 88-ի երկրաշարժից: Գլխով շատ բան է անցել, բայց երբեք դռները չեն փակվել, իսկ հիմա լայնորեն բացվել են շինարարների առջև: Դիլիջանում երկար սպասված լավ նորությունն է: Պալատի նորոգումն անցնող տարում քաղաքում իրականացվող 4 սուբվենցիոն ծրագրերից մեկն է, 283 մլն դրամից ավելի արժեքով, 60 տոկոսը՝ համայնքի ներդրումը:
Վարդան Գրիգորյան (Դիլիջանի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ) - Մշակույթի պալատի շենքը այն աստիճան վատ վիճակում էր, նույնիսկ տանիքից կաթում էր: Այնտեղ էր նաև գրադարանը, պատերի ճաքերով խոնավությունից գույքը փչացել էր, դահլիճն էլ անմխիթար վիճակում էր: Հուսով ենք, որ վերանորոգումից հետո մշակութային կյանքը ավելի կակտիվանա Դիլիջան քաղաքում:
Շենքը ներսուդրսից կհիմնանորոգվի՝ պահպանելով նախկին արտաքին տեսքը: Շինարարությունը սկսել են տանիքից:
Արթուր Շահվերդյան (աշխղեկ) - Տանիքը ամբողջովին վերանորոգում ենք լրիվ նոր շինանյութով, ամբողջ ձմեռ շինարարությունը ներսում կշարունակվի:
Այստեղ աշխուժորեն գործել են ժողթատրոնը, փողային և էստրադային նվագախմբերը, ժողգործիքների համույթը, մշակութային օջախը հյուրընկալել է բազմաթիվ անվանի արվեստի գործիչների և թատերախմբերի: Դիլիջանցիները հիշում և հույսով սպասում են մշակույթի պալատի վերածննդին:
Սամվել Ղասաբյան (Դիլիջանի մշակույթի պալատի փոխտնօրեն) - Մտնում էինք շենք՝ էնտեղից՝ երաժշտություն, վերևից՝ ասմունք, մի տեղից՝ դաշնամուր, մի տեղից՝ փողային նվագախումբ, և էդ ամեն ինչը պետք է իհարկե անպայման վերականգնենք և հուսով ենք, որ Դիլիջանը նորից կշնչի իր արվեստով:
Շինարարությունը կտևի մոտ մեկ տարի, դիլիջանցիներն ասում են՝ շատին սպասել ենք, քչին էլ կսպասենք: