Կառուցվածքային փոփոխություններ Քննչական կոմիտեում. հունվարի 1-ից Պետական եկամուտների կոմիտեի քննչական գործառույթը կփոխանցվի այս կառույցին:
Կառավարությունը դեռևս 2019-ին հաստատել էր երկու ռազմավարություն, որոնցից բխում է նաև քննչական մարմինների միավորումը։ ՊԵԿ-ի նախաքննական մարմնի ներգրավումը Քննչական կոմիտեում պայմանավորված է հանգամանքով, որ, ըստ էության, երկուսն էլ նույն բնույթի հանցագործություններ էին քննում, սակայն ՊԵԿ-ը մարզերում ստորաբաժանումներ չուներ:
Արսեն Այվազյան (Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ) - Քննչական կոմիտեն ունի բազմաթիվ ստորաբաժանումներ ինչպես Երևան քաղաքի վարչական շրջաններում, այնպես էլ մարզերում: Ավելին՝ մարզերում մենք ունենք անգամ մի քանի ներկայացուցչական մարմիններ, ի տարբերություն Պետեկամուտների կոմիտեի:
Հաջորդ հանգամանքը, ըստ փոխնախագահի, այն էր, որ ՊԵԿ-ի քննչական մարմինը ունի գերատեսչական ենթակայություն, իսկ Քննչական կոմիտեն այս իմաստով համարվում է անկախ պետական մարմին:
Այս փոփոխության արդյունքում ՊԵԿ քննիչների կրճատում չի սպասվում:
Արսեն Այվազյան - Պետական եկամուտների քննչական մարմինը այսօր բաղկացած է 55 հաստիքից, 55 հաստիքները մենք պահպանելու ենք նույնությամբ: Նշեմ, որ 55-ից 50-ը ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք են, այսինքն՝ քննիչներն այդ թվում՝ ղեկավար կազմ, իսկ 5-ը՝ աջակցողներ:
Այվազյանը նշում է՝ փոփոխությունը չի ազդելու քննիչների սոցիալական պայմանների վրա ևս:
Արսեն Այվազյան - Օրենսդրական հիմքեր ունենք, որ նրանց աշխատավարձերը պետք է պահպանվեն, և սոցիալական վիճակը և վատթարացում պետք է տեղի չունենան, այսինքն՝ ոչ թե զուտ խոսքով է այս երաշխիքը, այլ օրենսդրական իրավանորմերով:
Որպեսզի ո՛չ տնտեսվարողները, ո՛չ քննիչները էապես չզգան այս փոփոխությունները, Քննչական կոմիտեի կենտրոնական ապարատում ձևավորվելու է տնտեսական հանցագործությունների գլխավոր վարչություն:
Արսեն Այվազյան - ՊԵԿ մեր քննիչները նույն կազմով, նույն կառուցվածքով կամ գրեթե նույն կազմով տեղափոխվելու են Քննչական կոմիտեի այդ նորաստեղծ գլխավոր վարչություն և այստեղ են իրականացնելու իրենց գործունեությունը:
ՊԵԿ-ի քննիչները դեռևս չեն տեղափոխվի, իրենց գործունեությունը կիրականացնեն նույն հասցեում՝ Դեղատան 3-ում:
Արսեն Այվազյան - Ցանկանում եմ մեր ազգաբնակչությանը, մեր տնտեսվարողներին տեղեկացնել, որ 2023 թվականի հունվարի 1-ից հետո իրենց համապատասխան դիմումները, հաղորդումները, որոնք կվերաբերեն հարկային և մաքսային բնույթի հանցագործություններին կամ դրանցով իրականացվող վարույթներին, պետք է հասցեագրեն արդեն ոչ թե Պետեկամուտների կոմիտեին, այլ Քննչական կոմիտեին:
Պետական եկամուտների կոմիտեն մոտ 2600 քրեական գործ է քննում, փոփոխությունից հետո դրանք կշարունակեն քննել նույն քննիչները:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան