Համաշխարհային բժշկական ասոցիացիան (WMA) կոչ է արել հրատապ գործողություններ ձեռնարկել ադրբեջանցի «էկոակտիվիստների» կողմից Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով մարդասիրական ճգնաժամի պայմաններում հայտնված հազարավոր խաղաղ բնակիչներին օգնություն ցուցաբերելու համար։
«Ճգնաժամը հաջորդեց Արցախը Հայաստանին կապող տրանսպորտային միջանցքի շրջափակմանը, ինչը հանգեցրեց նրան, որ ավելի քան 120000 խաղաղ բնակիչներ զրկվեցին ցանկացած բժշկական օգնությունից: Որպես հետևանք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հազարավոր մարդիկ չեն ստանում սննդամթերք և բժշկական օգնություն, իսկ այդ շրջանի հիվանդներին չեն կարողանում տեղափոխել Հայաստանի մայրաքաղաք Երևանի հիվանդանոցները»,- նշված է ասոցիացիայի տարածած հայտարարությունում։
WMA-ի խորհրդի նախագահն Ֆրենկ Ուլրիխ Մոնտգոմերին ասել է. «Հիվանդները մահվան վտանգի տակ են, քանի որ չեն կարողանում ստանալ իրենց դեղերը և չեն կարողանում հասնել հիվանդանոց: Ադրբեջանի կառավարությունը պետք է ապահովի անվտանգ անցումը Լաչինի միջանցքով, որպեսզի հնարավոր լինի խուսափել հումանիտար ճգնաժամի խորացումից։ Դա կարևոր երթուղի է կենսական նշանակության սննդամթերքի և դեղորայքի առաքումների համար»: