Սա Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի խոհանոցային մասնաշենքն է՝ մեկ տարի առաջ և այսօր: Կենտրոնի տնօրենը հիշեցնում է՝ 1979-ից հետո այստեղ որևէ շինաշխատանք չի արվել:
Սերգեյ Խաչատրյան (ՀՀ ԱՆ հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն) - Սենց բան չի արվել երբեք, էնքան խոստումներ ենք լսել, որ չեն կատարվել, այս փոփոխությունն իր ազդեցությունն անմիջապես պացիենտների վրա է թողնում:
Փոփոխությունը 400-ից ավելի բուժառուները հաստատ կզգան, հատուկ ճաշացանկ է մշակվել, կսնվեն օրական 4 անգամ՝ ավելի բազմազան և առողջ:
Վարդանուշ Պետրոսյան (սննդաբան) - Մշակվել է սնուցման ուղեցույց, ոչ միայն սննդի հարցն է, այլև սնուցման ծառայության և հատուկ հոգեկան առողջության կենտրոններում գտնվող պացիենտների սնուցման բոլոր խնդիրները վերհանող մի փաստաթուղթ է, որի հիմնական նպատակը հոգեկան առողջության կենտրոններում պացիենտների առողջության բարելավումն է:
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի հիմնանորոգումը սպասված բարեփոխումներից է: Արժանապատիվ բուժօգնության տրամադրումը նախարարության առաջնահերթություններից է:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Առաջինը սկսել ենք հենց այս մասնաշենքից, որովհետև այն շատ կարևոր էր օր առաջ մեր պացիենտներին ապահովել նորմալ, բալանսավորված, լավ պայմաններում պատրաստված սննդով:
Արդեն շատ գործ է արվել՝ կոյուղագծերը, ջրագծերը փոխվել են, ոռոգման համակարգ է կառուցվել, նորակառույց կաթսայատունն ու արևային կայանն արդեն գործում են: Առաջիկա 3 տարում կավարտվեն մյուս մասնաշենքերի վերակառուցման աշխատանքները:
Անահիտ Ավանեսյան - Կենցաղային պայմանները բարելավելը առաջնահերթ է, բայց միայն դա չի: Մենք աշխատում ենք նաև բուժման մեթոդների թարմացման, նորացման, նաև մեր պացիենտներին ամբողջ կոմպլեքսը տրամադրելու՝ բակ, աշխատանք, այսինքն՝ ամբողջ սպեկտրը մենք ապահովելու ենք:
Խոհանոցային մասնաշենքի վերակառուցմանն աջակցել է «Ազնավուր» հիմնադրամը՝ այն հագեցնելով անհրաժեշտ սարքավորումենրով:
Նիկոլա Ազնավուր («Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր) - Շատ ուրախ եմ այսօր տեսնել մեր հրաշալի գործակցության արդյունքը: Յուրաքանչյուր մարդ կյանքի որոշակի փուլում կարող է ունենալ խնդիրներ հոգեկան առողջության հետ կապված: Որպեսզի երկարաժամկետ արդյունք ունենա այս աշխատանքը, մեր հիմնադրամը որոշել է միանալ ԱՆ-ին և օգնել արդիականացնելու կենտրոնը:
«Ազնավուր» հիմնադրամի հետ գործակցությամբ են ընթանում նաև ընդունարանի, բուժական երկու և զորակոչիկների փորձաքննության բաժանմունքների շինաշխատանքները: Հաջորդ ապրիլին կրկին լավ նորություն կունենան:
Սերգեյ Խաչատրյան - Հաջորդը լինելու է առաջին մասնաշենքը, որտեղ տեղակայված են լինելու 3 բաժանմունքներ, ընդունարանը՝ նորացված գաղափարախոսությամբ և ամբուլատոր մասը:
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի վերակառուցումը միակը չէ, ընթացքի մեջ է 50 ԲԿ-ների վերակառուցման ծրագիրը, որ պետք է իրականացվի մինչև 2026 թվականը: