ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր երկկողմ բանակցություններ են վարել Մոսկվայում։
Ավելի վաղ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը ափսոսանք էր հայտնել, որ Երևանը չի մասնակցում դեկտեմբերի 23-ին նախատեսված արտգործնախարարների հանդիպմանը՝ քննարկելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։
«Մենք պատրաստվել էինք այս միջոցառմանը, սակայն, ցավոք, վերջին պահին մեր հայ գործընկերները հրաժարվեցին գալ Մոսկվա՝ դա բացատրելով տեղում տիրող իրավիճակով»,- ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և հավելել, որ խաղաղ պայմանագրի հարցի շուրջ քննարկումները երկկողմ դարձած հանդիպման ընթացքում կշարունակվեն։
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն ի պատասխան ասել է, որ Բաքուն ու Մոսկվան միշտ օգտագործում են հնարավորությունը՝ երկկողմ հանդիպում անցկացնելու համար։
Հայաստանի ԱԳՆ խոսնակ Հունանյանը նախօրեին հայտնել էր, որ հայկական կողմը Մոսկվայում կայանալիք հանդիպմանը մասնակցելու իր պատրաստակամությունը հաստատել էր շուրջ 2 շաբաթ առաջ՝ մինչև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ հայկական կողմը խնդրել էր հետաձգել Մոսկվայում նախատեսված հանդիպումը։
«Ակնհայտորեն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային առաջնահերթությունն այս պահին 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է»,- ասել է մամուլի քարտուղարը:
Հունանյանը տեղեկացրել է նաև, որ անկախ հանդիպման հանգամանքից, Ադրբեջանին են փոխանցվել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի առնչությամբ Հայաստանի նոր առաջարկները՝ ի նշան Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի կառուցողականության։