Երևանի երթուղիները սպասարկող ավտոբուսների վարորդներից 10-ը Գերմանիայում վերապատրաստում են անցել, որպեսզի կարողանան հմտորեն շահագործել սպասվող նոր, գերմանական «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները: Նախ տեսական գիտելիքներ են ստացել և ավտոբուսները վարել ուսումնական տարածքում, հետո արդեն դուրս եկել Մյունխենի երթևեկություն:
ԽԱՉԱՏՈՒՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ («Երևանի ավտոբուս» ՓԲԸ ավտոբուսի վարորդ) - Մեքենաները շատ լավն են, բարով հասնեն, մեր ժողովրդին սպասարկեն: Մնում է, որ հասարակությունն էլ ըմբռնումով մոտենա, զիջեն այդ մեքենաներին, կարողանանք մենք էլ մեր աշխատանքին անցնենք ու կարգավորված, կանոնակարգված սպասարկենք:
Նոր ավտոբուսները կլինեն 12-մետրանոց՝ մինչև այժմ Երևանում շահագործված ավտոբուսներից ամենաերկարը: Գերմանիայից վերադարձած վարորդները համեմատում են երկու երկրների երթևեկությունը ու ցանկանում, որ մեզ մոտ էլ դա լինի նույնքան կանոնակարգված, որ հասարակական տրանսպորտին զիջեն, կանգառում կայանած տաքսիները չխանգարեն ավտոբուսին:
ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆ («Երևանի ավտոբուս» ՓԲԸ ավտոբուսի վարորդ) - Մեզ մոտ շատ կան խանգարող հանգամանքներ, կլինեն տաքսիներ, կլինեն ծառերը: Էնտեղ հիմնականում վարում էին 18 մետրանոց ավտոբուսներ, ավելի երկար մեր 12-ից, մենք նայում էինք կողքից, չէինք զգում՝ այդ ավտոբուսը ոնց եկավ մտավ կանգառ, ոնց գնաց:
ԽԱՉԱՏՈՒՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ - Եթե թարթիչը միացրեց էդ մեծ մեքենան, 10 հատ, 20 հատ մեքենա իր հետևից կշարվի, կսպասի, մինչև ինքը տեղից շարժվի: Ասենք՝ եթե այդ նույն գերմանացիները գային Հայաստան, Հայաստանում անցնեինք այդ պրակտիկան, ես համոզված եմ, որ իրենք գիշերը տոմս կառնեին և կթչեին հետ:
Ու չնայած մեր վարորդները «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները վարել սովորել են Գերմանիայի խիստ կարգապահ երթևեկության պայմաններում, վստահ են, որ մեր երթևեկության դեպքում էլ հավելյալ դժվարություններ չեն ունենա:
ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆ - Մենք էնտեղ որ սկսեցինք վարել քաղաքում, մեր ուսուցիչը զգաց, որ մենք, չգիտես որտեղից, պատրաստված ենք էդ ամեն ինչին: Հարցրեց՝ ո՞նց, դուք առաջին անգա՞մ եք Եվրոպայում, մենք իրեն ասացինք՝ դու ուղղակի արի Հայաստան, դու ուղղակի վարի Երևանում, ու դու կարող ես վարել ամբողջ աշխարհում:
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենը հիշեցնում է, որ շուտով ներկրվելու է «ՄԱՆ» մակնիշի 87 ավտոբուս:
ԷԼԲԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ («Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն) - Վարորդները բարեհաջող, 10-օրյա ժամկետում ավարտել են դասընթացները և վերադարձել են ՀՀ, նրանց տրվել է լավագույն վարորդ շնորհում՝ սերտիֆիկատ, և առաջիկայում ակնկալում ենք, որ ավտոբուսների ներկրման հետ մեկտեղ կժամանեն նաև մասնագետներ՝ տեղում ուսուցումները շարունակելու նպատակով:
Այդ դեպքում 10 հոգուն նախապես վերապատրաստելու անհրաժեշտությունը մեկնաբանելով՝ Թարփոշյանը նշում է.
Դա ամբողջությամբ հրավիրող կողմի ծախսերի շրջանակում է տեղի ունեցել, և բացառապես մեր ընկերությունը կամ Երևան համայնքը գումար չի ծախսել ամբողջ պրոցեսի համար՝ թե՛ թռիչքի, թե՛ կեցության ծախսերի:
Ակնկալվում է, որ 87 նոր ավտոբուսները առանձին խմբաքանակներով կներկրվեն մինչև ապրիլ: Այդ ընթացքում նաև կարիք կլինի ներգրավել առնվազն 150 վարորդ: «Երևանի ավտոբուս» ընկերությունն առայժմ ունի 455 մեքենա՝ 211 «Ժոնգ թոնգ», 154 «Հագեր», 90 «ԳԱԶել սիթի» մակնիշի: Վարորդները 730-ն են: Հերթափոխով աշխատելու համար նրանց թիվը բավարար չէ:
Հեղինակ՝ Աննա Զախարյան