Այսօր տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասում (Կ․ Հալաբյան փողոց, շենք 1 և շենք 1/1) կառուցված երկու բնակելի շենքերի պաշտոնական բացման արարողությունը, հայտնում են հիմնադրամից:
Բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը և այլ պաշտոնատար անձինք:
Մուշ-2 թաղամասում կառուցված երկու բազմաբնակարան շենքերը նախատեսված են 36 ընտանիքի համար, ևս երկու շենք կառուցման փուլում է, բնակարանային համալիրում կառուցվել է նաև մանկապարտեզ, իսկ շենքերի ձեղնահարկերում կգործեն արհեստանոցներ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Մուշ-2 թաղամասի բազմաբնակարան շենքերի 36 շահառուներն ընտրվել են ըստ հստակ մշակված չափորոշիչների՝ երկրաշարժից տուժած լինելու հանգամանքը, երբևէ ԲԳՎ կամ տուն ստացած չլինելը, անչափահաս երեխաների առկայությունը, բազմազավակ ընտանիք լինելը: Շահառուների ընտրությունից հետո ցուցակները նաև քննարկվել ու համաձայնեցվել են Գյումրիի քաղաքապետարանի հետ, որպեսզի շահառուների ընտրությունը կատարվի լիովին անաչառ։
Հատկանշական է, որ «Մեր Գյումրի» ծրագիրը հիմնադրամը հատուկ մշակել է երկրաշարժից տուժած և 30 տարի տնակավաններում բնակվող գյումրեցիների հոգսը թոթափելու նպատակով: