Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ «Մեկ Չինաստան» սկզբունքին և չի աջակցում Թայվանի անկախությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ամերիկյան կողմը բաց է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերություններում առաջնային սկզբունքների քննարկման համար, պատրաստ է պատասխանատվությամբ կառավարել ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները և համագործակցել այն ոլորտներում, որոնք ծառայում են երկու երկրի շահերին: Ամերիկյան կողմը շարունակում է հավատարիմ մնալ «Մեկ Չինաստան» սկզբունքին և Թայվանի անկախության կողմնակից չէ»,- նրա խոսքը մեջբերված է Չինաստանի ԱԳՆ կայքում։
Իր հերթին Վան Ին ԱՄՆ-ին կոչ է արել ուշադրություն դարձնել Չինաստանի օրինական մտահոգություններին ու շահերին՝ կոնկրետ գործողություններով ամրապնդել համագործակցության մասին խոսքերը:
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոյեմբերին Ինդոնեզիայում G20 գագաթնաժողովի շրջանակներում պայմանավորվել են, որ Բլինքենը Չինաստան կայցելի 2023 թվականի սկզբին: