Եղիշե Կիրակոսյան (միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ) - Ապահովել ծայրահեղ ծանր առողջական վիճակ ունեցող անձանց տեղափոխումը, ինչպես նաև ճանապարհին մնացած անձանց անվտանգ տեղաշարժը:
Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու Հայաստանի պահանջի՝ ՄԻԵԴ-ի որոշումն է մեջբերում կառույցում Հայաստանի միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը:
Տեքստում նաև հղում է արված 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին:
Եվրոպական դատարանը, Կիրակոսյանի խոսքով, նաև առաջնահերթություն է տվել «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» չորրորդ միջպետական գանգատին, որը վերաբերում է մարտին Արցախի Փառուխ, Քարագլուխ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական ուժերի առաջխաղացման հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքների ոտնահարմանը, գազանջատումներին, Լաչինի միջանցքում ծավալվող դեպքերին:
Եղիշե Կիրակոսյան - Այս պահին փաստացի դատարանը բավարարել է մեր խնդրանքը: Ամեն դեպքում դատարանը էն, ինչ պետք է աներ, ակնկալիքները մեր շատ բարձր չէին, որովհետև դատարանը անսահմանափակ չի գործում:
Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան միաժամանակ երկու պահանջ էր ներկայացրել՝ ապաշրջափակել Լաչինի միջանցքը և թույլատրել առողջական խնդիրներ ունեցող անձանց ազատ տեղաշարժը: Կիրակոսյանի գնահատմամբ՝ ՄԻԵԴ-ն իր որոշմամբ նեղացրել է շրջանակը, շեշտադրել՝ կյանքի իրավունքի և անմարդկային վերաբերմունքի դրսևորումների վերացումները, այլ ոչ թե ճանապարհն ընդհանուր բացելը: Իսկ ինչ կլինի, եթե միջանկյալ միջոց կիրառելուց հետո Ադրբեջանը շարունակի փակ պահել ճանապարհը:
Եղիշե Կիրակոսյան - Գերքայլեր չենք էլ ակնկալում, ցավոք սրտի, կիրառվող գործիքակազմն ունի սահմանափակումներ: Ֆորմալ առումով Եվրոպական դատարանը նախարարների կոմիտեին ծանուցելու հնարավորություն ունի: Վերջինս, որպես քաղաքական մարմին, հետևում է ՄԻԵԴ-ի որոշումների կատարման ընթացքին: Կոմիտեն անհրաժեշտության դեպքում պետք է միջամտի այդ հարցերին:
Հայաստանը ՄԻԵԴ ներկայացրած դիմումի մեջ նաև պարենային անվտանգության, դեղորայք հասցնելու հրատապությունն է շեշտադրել:
Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ ՄԻԵԴ-ի որոշումից հետո ճանապարհը չբացելու դեպքում անհրաժեշտ է նաև Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու պահանջով խնդիրը բարձրացնել Արդարադատության միջազգային դատարանում: