Լավրով-Բայրամով հանդիպման ժամանակ Լաչինի միջանցքի թեմային անդրադարձել է նաև Ադրբեջանի արտգործնախարարը:
Նա նշել է, որ երթուղու արգելափակման և Բաքվի կողմից բանակցություններից հրաժարվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Հայաստանը շահարկում է Լաչինի միջանցքի շուրջ զարգացումները՝ ճգնաժամի պատրանք ստեղծելու նպատակով: Հնչում են եռակողմ հայտարարությունները կատարելու՝ Ադրբեջանին ուղղված կոչեր:
Բայրամովը վստահեցրել է. «Ադրբեջանական կողմը, իրոք, այդ հայտարարություններով պարտավորվել է ապահովել Լաչինի միջանցքով երթևեկության անվտանգությունը, և մենք դա անում ենք նույնիսկ ստեղծված իրավիճակում»:
Նա ևս մեկ անգամ պնդել է, որ Հայաստանը չի կատարում եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունները:
Լրագրողի հարցին, թե ինչպես է գնահատում Բաքուն խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի՝ օրերս ներկայացրած առաջարկները, Ադրբեջանի ԱԳ նախարարը պատասխանել է, որ դեռ մասամբ է ուսումնասիրել փաթեթը, հետևաբար չի կարող ասել՝ բավարարո՞ւմ են արդյոք դրանք ադրբեջանական կողմին, թե՞ ոչ: