Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Կստեղծվի Արտաքին հետախուզության ծառայություն` որպես ՀՀ վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին:
Արտաքին հետախուզության ծառայության ստեղծման անհրաժեշտությունը բխում է արտաքին հետախուզական և հակահետախուզական բնույթի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից:
Հիմնավորման մեջ նշված է, որ Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը ոչ միայն կնպաստի ԱԱԾ գործառութային արդունավետության բարձրացմանը` հնարավորություն ընձեռելով կենտրոնանալ հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղությունների վրա, այլև կօգնի առավել ճկուն ու համարժեք արձագանքել փոփոխվող աշխարհի ու տարածաշրջանի մարտահրավերներին: