Գյումրիում 36 ընտանիք նոր տարին կդիմավորի նոր բնակարանում։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Մուշ 2 թաղամասում կառուցված երկու բնակելի շենքերի բացման պաշտոնական արարողությունը կայացավ այսօր:
Նազելի Բաղդասարյան (Շիրակի մարզպետ) - Սիրելի գյումրեցիներ ջան, վերջապես եկավ այն օրը, որ 30-ից ավելի ընտանիք բնակարանամուտ է նշելու։ Որպես բնիկ գյումրեցի, մարդ, որը վերապրել է երկրաշարժը, գիտեմ, թե ինչ ասել է տնակում ապրել, և իրապես ես կիսում եմ ձեր երջանիկ ու ուրախ օրը։
Վարդգես Սամսոնյան (Գյումրիի քաղաքապետ) - Ես, տասը տարի ապրելով տնակում՝ գիտեմ՝ ինչ դժվարություն է ժամանակավոր կացարանում ապրելը: Փառք Աստծո, թող մեր բարերարներն ավելի շատ տան և կարողանան նորից բնակարաններ կառուցել մեր քաղաքում։
Ընտանիքները երկրաշարժի հետևանքով անտուն մնացած և մինչև օրս տնակում ապրողներ են, երեք բնակարան էլ հանձնվել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին։
Հայկակ Արշամյան («Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն) - Բնակարանները բոլորը սոցիալական են, բնակիչների սեփականություն չեն, հինգ տարով, եթե տեսնենք, որ մարդիկ հաստատվել են, չեմ ուզում բացասական բաներ ասել, բայց եթե նվիրաբերենք, նրանք կվաճառեին: Որպեսզի ամրանան, դոմիկները քանդելու ենք և հինգ տարի հետո նվիրաբերության հարցը կքննարկենք:
70-ամյա Թուխիկ Մարտիրոսյանը երկրաշարժից հետո մինչև այսօր տնակում է ապրել։ Այս ընթացքում ընտանիքի անդամներից երկուսին կորցրել է։ Ափսոսում է, որ լուսահոգի ամուսինն ու որդին այդպես էլ լուսավոր ու կահավորված բնակարանը չտեսան, այստեղ կապրի մյուս որդու հետ, որը պայմանագրային զինծառայող է և հիմա սահմանին է։
Թուխիկ Մարտիրոսյան (Մուշ 2 թաղամասի բնակիչ) - 34 տարի երկար ու ձիգ ապրել ենք, շնորհակալություն իմ դոմիկից, որ գլխիս ծածկ է եղել, դռնեդուռ չեմ ընկել, դուրսը չեմ մնացել։
Նոր ծրագրով «Հայաստան» հիմնադրամը ևս երկու բնակելի շենք է կառուցում՝ դարձյալ Մուշ 2 թաղամասում, 40-ից ավելի ընտանիքի համար։ Այս տարվա թելեթոնի մասնակցների մեջ մեծաթիվ են փոքր գումարներով բարեգործություն իրականացրած քաղաքացիները։
Վահագն Խաչատուրյան (ՀՀ նախագահ) - Նախկինում ընդունված սովորույթ էր, որ պայմանավորվեն, դա նորմալ երևույթ էր, որ բարերարները գումար տան: Հիմա ավելի բաց, թափանցիկ, հասարակ մարդիկ իրենց ցանկությամբ մասնակցել են, հիմա եթե տեսնեն շենքերը և տեսնեն, որ այդ գումարները նպատակային են ծախսվել, տեղ է հասել, և 35 ընտանիք երջանկացել է, կկրկնապատկվի և կեռապակվի, կյանքի նպատակ կդարձնեն բարեգործությունը։
Անօթևանության հարցի լուծման համալիր պետական ծրագիր կա, 2023 թ. Գյումրիին ուղղված պետական միջոցներն էլ կաճեն՝ վստահեցրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը։
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - 22 թվականն առանձնացավ նրանով, որ մենք բավականին շատ ծրագրեր իրականացրնք ՀՀ մարզերում, այդ թվում` Գյումրիում: Հաջորդը՝ առնվազն 20 տոկոսով մեր բյուջեն մեծ է, պլանավորված աշխատանքները մեծ կլինեն, և Գյումրուն մեծ բաժին կհասնի։
Պաշտոնական տվյալով` Գյումրիում դեռ 2743 տնակ կա։ Կառավարության որոշմամբ` մինչև 2027 թ. հանրապետությունն ազատվելու է բոլոր տնակներից։