ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 22-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրենսդրական փաթեթը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթը լրամշակվել է: Հիմնականում խմբագրական բնույթի առաջարկներ էր ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը:
Փոխնախարարի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները միտված են գործող իրավակարգավորումներն առավել հստակեցնելուն, օրենքներում առկա բացերը լրացնելուն, դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը, գործերը ողջամիտ ժամկետում քննելու սկզբունքի ապահովմանը: Ըստ փոխնախարարի՝ փաթեթի ընդունման արդյունքում որոշակիորեն թեթևանալու են քաղաքացիների հոգսերը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին:
Դրական եզրակացության է արժանացել նաև ««Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«Առաջարկվող փոփոխությունը տեխնիկական բնույթի է»,- ասել է արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը: