ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նախօրեին հանդիպել է Virtus.pro կիբեռսպորտային ակումբի ղեկավարության և ԿԳՄՍՆ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
Ակումբը հիմնադրվել է 2003 թվականին, սակայն այս տարվանից այն ներկայացնում է Հայաստանը միջազգային կիբեռսպորտային մրցաշարերում։ Վերջերս Virtus.pro-ն հաղթող է ճանաչվել տարվա գլխավոր Counter-Strike: Global Offensive-IEM Rio Major 2022 մրցաշարում:
Հանդիպման ընթացքում վերհանվել են համագործակցության հիմնական ուղիները։ Մասնավորապես, ընդգծվել է զբոսաշրջության ոլորտում առկա մեծ ներուժը, օրինակ՝ կիբեռսպորտային համայնքի բազմամիլիոնանոց լսարանի հետաքրքրվածության բարձրացումը մեր երկրի հանդեպ համատեղ մարքեթինգային գործողությունների իրականացման միջոցով։
Հավելենք նաև, որ կիբեռսպորտի համաշխարհային շուկան կազմում է 1,384 մլրդ դոլար, իսկ միջազգային լսարանն ունի 549,1 միլիոն վճարունակ երկրպագու: