Կառավարությունը լրացում կատարեց 2007 թվականի որոշումներից մեկում: Նպատակն է՝ բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր աշխատանքների և միջոցառումների շարքում նախատեսել նաև ինքնակամ շինարարության կանխարգելումը և դրանց հետևանքների վերացման (քանդման) ապահովումը, ընդհանուր օգտագործման տարածքների ապօրինի զավթման կանխարգելումը, դրանց հետևանքների վերացման ապահովումը:
«Մենք ունենք հետևյալ իրավիճակը, երբ համայնքի ղեկավարն իրավունք ունի ինքնակամ կառուցված շենք-շինությունների քանդման որոշումներ կայացնել համայնքային հողերի վրա կամ որոշ դեպքերում՝ պետական սեփականության հողերի վրա: Մենք օրենքով կարգավորեցինք. այսուհետ ինքնակամ շինություն կառուցել չի կարելի, և քանդման որոշումները հստակ են:
Բայց, ցավոք սրտի, եղել են ու շարունակում են լինել դեպքեր, երբ ոչ համայնքային հողերի, մասնավորապես՝ բազմաբնակարան շենքերի պարագայում, երբ այնտեղի սեփականատերերը բնակիչներն են, ոչ թե համայնքը, նկուղային հատվածներում, տանիքներում իրականացվել կամ իրականացվում են ապօրինի շինարարություններ: Մենք հիմա փորձում ենք կարգավորումներ անել՝ համայնքի ղեկավարին տալով իրավասություն դրանք քանդելու և թույլ չտալու նման կառուցապատումներ»,- ասաց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: