Երևանում առկա են բազմաթիվ ինքնակամ շինություններ: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում նշեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:
«Երևանի քաղաքապետարանն ակտիվ իրականացնում է բազմաթիվ քանդման և մաքրման աշխատանքներ: Նման աշխատանքներ կարող է նկատած լինեք հանրային տարածքներում, այգիներում, մայթերի վրա:
Ցավոք սրտի, մինչ օրս ունենք օրինակներ, երբ բնակիչներն ինքնակամ շինություններ են կառուցում բազմաբնակարան շենքերի տանինքներին: Այդտեղ լիազորությունների առումով համայնքների ղեկավարների լիազորությունները սահմանափակ են եղել»,- ասաց Ավինյանը:
Նա շեշտեց, որ բազմաբնակարան շենքերի վրա ինքնակամ կառույցները ոչ միայն տգեղ են, այլև սեյսմիկ առումով վտանգներ են ներկայացնում:
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն էլ տեղեկացրեց, որ այս պահին հաշվառված է շուրջ 24 հազար ինքնակամ կառույց ՀՀ-ում:
«Օրական շուրջ 200 ինքնակամ կառույց է մուտք արվում համակարգ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև դեկտեմբերի 31-ը ինքնակամ կառույցները հաշվառելու Երևան քաղաքի վերջնաժամկետն է:
Հիշեցնեմ մեր քաղաքացիներին. ովքեր ունեն ինքնակամ կառույցներ Երևան քաղաքում, մինչև դեկտեմբերի 31-ը հաշվառելու պարագայում հետագայում գուցե դրանք օրինականացնելու հնարավորություն ունենան: Այս ժամկետը բաց թողնելուց հետո չկա հնարավորություն որևէ ինքնակամ կառույց հաշվառել և օրինականացնել Երևանում»,- ասաց Թովմասյանը: