Հունվարի 1-ից բարձրանալու է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի ամսական նպաստը՝ 28 600-ից դառնալով 31 600 դրամ: Հարցը թեև չզեկուցվողներից էր, նախարար Մկրտչյանը մանրամասնեց. որոշվել է՝ պետական այս աջակցությունից գյուղաբնակ չաշխատող մայրերից բացի կօգտվեն նաև քաղաքաբանկ չաշխատող մայրերը: Նախագծով ավելանալու է նաև աշխատող մայրերին տրվող նպաստի չափը, բայց սա արդեն այն դեպքում, եթե երեխան տարեսկզբից հետո կծնվի: Այդ դեպքում քաղաքաբնակ ծնողը կստանա 37 500 դրամ, իսկ գյուղաբնակ աշխատող մայրը՝ 69 100 դրամ:
Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Սա ժողովրդագրական նշանակություն ունեցող կարևոր նախագիծ է, և Կառավարության մեր ծրագրում առանձին դրույթ ունենք, որ պետք է շարունակենք բարելավել հնարավորությունը, որպեսզի ծնողները կարողանան և՛ աշխատանքը, և՛ երեխայի խնամքի նպաստը համատեղեն, և, ըստ էության, 2023-ին մենք տրամադրում ենք 20 միլիարդ 350 միլիոն դրամ գումար:
Մեկ այլ փոփոխություն էլ է արվել՝ մինչև երեխայի երկու տարեկան դառնալը, եթե մայրը որոշի վերադառնալ աշխատանքի, պետությունը նրան կշարունակի նպաստ վճարել՝ քաղաքաբնակ աշխատող ծնողը կստանա 31 600 դրամ, իսկ գյուղաբնակը՝ 63 200 դրամ:
ՄԻՋԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է 20.4 ՏՈԿՈՍՈՎ
Թվերի շարքը շարունակելով՝ վարչապետն էլ ներկայացրեց նոյեմբերի վիճակագրությունը: Գրանցված աշխատատեղերը գերազանցել են 700 հազարը, նոր ռեկորդ է սահմանվել՝ ասաց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Այսպիսով՝ 2018-ի մայիսից ի վեր ՀՀ-ում ստեղծվել է 153 հազար 462 աշխատատեղ, ինչը 28 տոկոսի աճ է արձանագրել:
2018-ի մայիսի համեմատ, այս նոյեմբերի տվյալով, գրեթե կրկնապատկվել է նաև համախառն աշխատավարձի ֆոնդը՝ 92,3 տոկոս աճ է գրանցվել: Ըստ վարչապետի՝ այս նոյեմբերին, 2021-ի նույն ամսվա համեմատ, միջին ամսական աշխատավարձն էլ ավելացել է 44 հազար 930 դրամով կամ 20.4 տոկոսով:
Նիկոլ Փաշինյան - Սա նշանակում է, որ մեր հանրության աշխատող հատվածը, ըստ էության, հաջողությամբ դիմակայել է գնաճին, որովհետև գնաճը շատ ավելի ցածր է՝ տարեկան գնաճը՝ 8.5 տոկոս:
3 ՄԼՐԴ 246 ՄԼՆ ԴՐԱՄ՝ 66 ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ
Անցնելով զեկուցվող հարցերին՝ 3 միլիարդ 246 միլիոն հատկացվեց 8 մարզի 31 համայնքի սուբվենցիոն 66 ծրագրին: 22 հատկացումները նախարար Սանոսյանը ամփոփեց, ասաց՝ սա, հավանաբար, այս տարվա վերջինն է:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Այս հատկացումով ընդհանուր առմամբ կստացվի, որ միայն այս տարի Կառավարությունն արդեն 19 միլիարդ դրամ հատակցրեց համայանքների հետ համատեղ այս սուբվենցիոն ծրագրերով, իսկ եթե ամփոփենք սուբվեցիաների, այսպես ասած, սկսման պահից ի վեր համայնք-Կառավարություն համատեղ՝ այդ գումարը հասնում է 108 միլիարդ դրամի, որի մեջ Կառավարության մասնաբաժինը 55 միլիարդից անցնում է, համայնքները՝ 51,5: Եվ ուրախալի է, որ արդեն մոտ 2 միլիարդի չափով ունենք նաև այլ ներդրողներ բարերաների կողմից ներդրումներ:
Վարչապետն էլ հիշեցրեց՝ բացի սուբվենցիոն ծրագրերից՝ 18-ից սկսած Կառավարությունը նաև ուղիղ ներդրում է արել համայնքներում:
Նիկոլ Փաշինյան - Շուրջ 350 միլիոն դոլարի ներդրում է իրականացվել համայնքներում ամենատարբեր ծրագրերով:
Վարչապետը նկատեց՝ այդ թիվը Երևանին չի վերաբերում, ապա թվարկեց, թե նախագծով ինչ աշխատանք է կատարվել: Արագածոտնում, Արմավիրում, Գեղարքունիքում, Լոռիում, Կոտայքում, Շիրակում, Վայոց ձորում ու Տավուշում բազմաբնակարնների տանիքներ են հիմնանորոգվել, ասֆալտապատվել են փողոցներ ու բակեր, կառուցվել են մանկապարտեզներ, պուրակներ, խաղահրապարակներ, խմելու ու ոռոգման ջրի հարց է լուծվել, գազիֆիկացում է կատարվել, լուսավորություն է ապահովվել:
974 ՄԼՆ 720 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ՝ ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ
Տնտեսական մյուս փաթեթով էլ 974 միլիոն 720 հազար դրամ հատկացվեց կրթական ու մշակութային հաստատությունների կապիտալ ծրագրերի իրականացմանը: Մի մասում նախագծանախահաշվային փաստաթղթեր կմշակվեն՝ ծրագրում երկու դպրոց, մշակութային մեկ կենտրոն է ընդգրկված, 4 մշակութային հաստատությունում էլ շինարարություն կսկսեն, մնացածներին էլ գույքով կապահովեն՝ զեկուցեց ոլորտի ղեկավարը;
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Երրորդ բլոկը վերաբերում է 6 կրթական հաստատությունների և 3 մշակութային հաստատությունների գույքով ապահովման ծրագրերին: Այստեղ կրթական հաստատություններն այն հաստատություններն են, որտեղ արդեն արվել են անհրաժեշտ վերակառուցման և վերանորոգման աշխատանքները, և ներկայումս գույքով ապահովումը թույլ կտա ամբողջացնել արված աշխատանքները:
Վարչապետը մանրամասնեց՝ ծրագրերում ընդգրկված է Բերդի ավագ դպրոցը, Երևանի թիվ 190 ավագ դպրոցը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, ԳԱԱ-ն, Ազգային պատկերասարհը, Երգի պետական թատրոնը, Պարոնյանի անվան թատրոնը ու ոչ միայն:
ՆԿՈՒՂՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՔԱՆԴՎԵՆ
Գործադիրը հաստատեց ու համայնքի ղեկավարին լիազորություն տվեց քանդելու բազմաբնակարանների նկուղներում, տանիքներին կառուցված ապօրինի շինությունները: Նախագծի մշակմանն ակտիվ մասնակցել է Երևանի քաղաքապետարանը: Մայրաքաղաքում խնդիրը սուր է. կան դեպքեր, երբ շենքի տանիքին նոր շենք կամ տուն է կառուցվում՝ ասաց փոխքաղաքապետ Ավինյանը: Դրանք կառուցվում են առանց քաղաքաշինական և սեյսմիկ անվտանգության նորմերի պահպանման և վտանգում են հենց բնակիչների կյանքը:
Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Այս ամենը հաշվի առնելով՝ հանդես ենք եկել նախաձեռնությամբ՝ առաջարկելով կարգավորումներ, որոնց արդյունքում շենքի կառավարման մարմինը և համայնքը հնարավորություն կստանան իրականացնել ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ։ Սա տրամաբանական է, մանավանդ որ քաղաքապետարանն ինքն է գնահատում ու որոշում շենքերի հարկայնությունը, խտությունը:
Կադաստրի կոմիտեի ղեկավարն էլ ներկայացրեց՝ այս պահին հաշվառված է մոտ 24 հազար ինքնակամ կառույց: Օրական մոտ 200 ինքնակամ կառույց է մուտք արվում համակարգ, որի 80 տոկոսը՝ Երևանում:
Սուրեն Թովմասյանը հիշեցրեց՝ դեկտեմբերի 31-ին լրանում է մայրաքաղաքում ինքնակամ կառույցները հաշվառելու վերջնաժամկետը: Դրանից հետո հաշվառվածները այլևս օրինականացելու կամ սեփականաշնորհելու հնարավորություն չի տրվի: