Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները, և մենք պատրաստ ենք ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հույս ունեմ՝ Ադրբեջանի արձագանքը նույնպես դրական կլինի: Հայկական կողմը դեռևս ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված իր առաջարկները, սակայն մինչև օրս պատասխան չենք ստացել»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել նաև տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման վերաբերյալ իր առաջարկները և պատրաստ է այդ ճանապարհով գնալ հարցի անհապաղ լուծման:
«Հայաստանը դեռ ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանային անվտանգության երաշխավորման մասին իր առաջարկները, բայց մինչև օրս պատասխան չենք ստացել: Այդ առաջարկները ներառում են Հայաստանի օկուպացված տարածքների խնդրի լուծումը: Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիան, և նրա զորքերը պետք է հետ քաշվեն ՀՀ ինքնիշխան տարածքից:
Ի հեճուկս բոլոր դժվարությունների և բարդությունների՝ շարունակում ենք մեր ջանքերը համապարփակ լուծումների գնալու, խաղաղություն և կայունություն ապահովելու ուղղությամբ:
Որքան էլ հասկանում ենք այս առաքելության բարդությունը, սրանից մեր վերաբերմունքը և նպատակասլացությունը չեն փոխվում»,- նշեց ՀՀ վարչապետը: