Հայաստանի Հանրապետությունն իր ամբողջ կարողություններն օգտագործում է, որպեսզի կարողանանք օգտագործել բոլոր այն հնարավոր գործիքները, որոնք առկա են, որպեսզի Լաչինի միջանցքը վերադառնա իր բնականոն հունին, այսինքն՝ աշխատի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, որտեղ հստակ նշված է, որ ԼՂ-ի կապը Հայաստանի հետ իրականացվում է Լաչինի միջանցքով: Այդ մասին խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Հայաստանի կողմից կատարվող աշխատանքին՝ ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ նախօրեին տեղի ունեցած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է հարցը, հասցեական կոչեր են եղել, պետք է շարունակել աշխատել այդ ուղղությամբ:
«Ե՛վ Հայաստանի ՀԿ-ները, և՛ հայկական այլ կազմակերպություններ և միջազգային տարբեր կառույցներ կոչեր են հնչեցրել, որպեսզի Լաչինի միջանցքի բացվի: Շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ, որպեսզի հնարավորինս արագ Լաչինի միջանցքը բացվի»,- ասաց նա՝ նշելով, որ Լաչինի միջանցքի առումով ՀՀ-ն աշխատում է միջազգային հանրության հետ:
«Հենց այս պահին Հայաստանի ԱԳՆ-ն աշխատում է, և բոլոր այն կառուցակարգային, ինստիտուցիոնալ հնարավորությունները, որ տալիս է ՄԱԿ-ն իր Անվտանգության խորհրդի կառույցի շրջանակներում, փորձում ենք բոլոր հնարավոր միջոցներով կիրառել, աշխատանքներ կատարել: Եթե կլինեն արդյունքներ, դրանք կհրապարակվեն»,- ասաց Արմեն Գրիգորյանը:
«Հայաստանը կոչ է անում միջազգային հանրությանը՝ դա կլինի ՄԱԿ-ը թե ԵԱՀԿ-ն, թե ԵԱՀԿ ՄԽ-ը, առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք, որպեսզի կարողանանք հանգուցալուծել այս իրավիճակը»,- նշեց ԱԽ քարտուղարը՝ ընդգծելով, որ իրավիճակը վտանգավոր է նաև այն տեսանկյունից, որ 120 հազար հայ Արցախում շրջափակման մեջ է և հումանիտար ճգնաժամի առջև է կանգնած:
Խոսելով այն մասին, որ եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքն ամբողջովին ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ է՝ Արմեն Գրիգորյանն ասաց. «Հաշվի առնելով նոյեմբերի 9-ի տեքստը՝ ՌԴ խաղաղապահ ուժերն են հանդիսանում պատասխանատուն միջանցքում անխափան երթևեկություն իրականացնելու համար և նոյեմբերի 9-ի տեքստի շրջանակներում կան 3 պետությունների վերցրած պարտավորությունները»:
Ինչ վերաբերում է այն հարցին՝ արդյո՞ք մինչև տարեվերջ Լաչինի միջանցքը կբացվի, ԱԽ քարտուղարն ասաց. «Իմ հույսն այն է, որ հնարավորինս շուտ կլուծվի. մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»: