ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆ
Կառավարությունն առաջարկում է ստեղծել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան: Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց, որ դատարանը կազմված է լինելու 12 դատավորից, որոնցից 6-ը զբաղվելու է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով, 6-ը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքների քննությամբ:
Արմենուհի Հարությունյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Փոփոխություններով նոր դատավորների թիվ ավելացնելու անհրաժեշտություն չի առաջանալու, որովհետև արդեն իսկ հակակոռուպցիոն գործեր քննող դատավորները շարունակելու են պաշտոնավարել:
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի թեկնածու կարող են լինել այն անձինք, որոնք գործունեության վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն 8 տարվա փորձ ունեն: Նախագիծը դրական եզրակացությամբ կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:
ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՆԱԽԱԳԻԾԸ՝ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում էլ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի անցնելու նախագիծն էր: Օրենքն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովը հաստատել է, այն քննարկվել է նաև խորհդարանական լսումների ձևաչափով, որի ընթացքում արված մի շարք առաջարկներ Կառավարությունն ընդունել է:
Արման Պողոսյան (ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ) - Ներդրվել է նախազգուշացման ինստիտուտը, նաև տեղեկացված լինելու արգելքը հաղթահարելու տրամաբանությամբ, ինչպես նաև վարչական իրավախտումների շատ հոդվածներում լուծում կա: Այսինքն՝ անձը մեկ անգամ գոնե օբյեկտիվ պատճառներով պարտականությունները չկատարելու համար ունենա իր պարտականությունը կատարելու հնարավորություն՝ առանց ֆինանսական տույժի:
Առաջինից երկրորդ ընթերցում նվազեցվել է հայտարարագիր չլրացնելու համար նախատեսված տուգանքի չափը. այն կկազմի 50 հազար դրամ, եթե խախտումը շարունակական լինի, ապա՝ 100 հազար դրամ՝ հավելեց Պողոսյանը: Նշեց՝ ծախսերն ու գույքը չեն հայտարարագրվի, միայն եկամուտներն են ենթակա հայտարարագրման: Անչափահասները հայտարարագիր չեն ներկայացնի, սակայն սա չի նշանակում, որ հարկվող եկամուտը կարող են վերագրել անչափահասին ու խուսափեն հարկերից:
Արման Պողոսյան - Մենք ունենք մեկ այլ կարգավորում, ըստ որի՝ եթե անչափահաս երեխան ստանում է հարկվող եկամուտներ, ապա ծնողը կամ խնամակալը պարտավոր է նրա փոխարեն ներկայացնել հարկային հաշվարկ, և նրա անունից պետք է կատարեն հարկային պարտավորությունները:
Նոր փոփոխությամբ հաշվետու տարվա մասին հայտարարագիր պետք է ներկայացվի ոչ թե մինչև ապրիլի 20-ը, այլ՝ մայիսի 1-ը:
Հեղինակ՝ Անի Օհանյան