Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին՝ 2020 թ. 44-օրյա պատերազմի, հետպատերազմյան և 2022 թ. սեպտեմբերի 12-14-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով քաղաքացիների կորցրած և/կամ սահմանն անցած գյուղատնտեսական նշանակության կենդանիների արժեքի փոխհատուցման նպատակով: Որոշմամբ նախատեսվում է նաև գումար հատկացնել «Արագածոտնի մարզի Թալինի ջրանցքի ձախ ճյուղի հիմնանորոգման աշխատանքներ» օբյեկտի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար:
Հիմնավորման համաձայն՝ գյուղատնտեսական նշանակության կենդանիներ կորցրած քաղաքացիները բազմաթիվ դիմումներ են ներկայացրել մի շարք գերատեսչություններ՝ կրած վնասները փոխհատուցելու խնդրով։ Քննարկման արդյունքներով որոշվել է փոխհատուցել քաղաքացիներին՝ կորցրած անասունների արժեքի 70 տոկոսի չափով։ Համաձայն մարզպետարանների կողմից ներկայացված տեղեկատվության՝ քաղաքացիների կրած վնասի չափը կազմում է 545186.8 հազ. դրամ, որի 70 տոկոսը կազմում է 381 630.7 հազ. դրամ։
Մեկ այլ որոշմամբ էլ գումար է հատկացվել Գեղարքունիքի մարզպետարանին՝ մարզի՝ հրետակոծությունից տուժած բնակավայրերից տեղահանված բնակիչներին օգնություն տրամադրելու նպատակով:
Գործադիրն ընդունել է որոշում՝ Վայոց ձորի մարզի սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի բնակիչ-բաժանորդների կողմից նոյեմբեր ամսվա սպառած էլեկտրաէներգիայի և Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի ջրօգտագործողների կողմից օգտագործած ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման անհրաժեշտությամբ պայմանավորված: