Գործադիրը հավանություն է տվել «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերի նպատակն է բարձրացնել մարզպետների և մարզպետների աշխատակազմերի գործունեության արդյունավետությունը՝ սահմանելով վերջիններիս հաշվետվողականության ավելի ճկուն և օպերատիվ մեխանիզմ։ Մասնավորապես, նախատեսվում է սահմանել դրույթներ, որոնց համաձայն կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինը մարզպետների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով համակարգելու է մարզպետների ընթացիկ գործունեությունը: Այսպիսով, մարզպետներին հնարավորություն է ընձեռնվելու նաև անմիջապես կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմնի միջոցով կառավարության և վարչապետի քննարկմանը ներկայացնել իրենց իրավասությանը վերապահված հարցերը, կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմնի միջոցով ներկայացնել առաջարկություններ տարածքային համաչափ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության իրականացման ուղղությամբ, ընթացիկ հաշվետվություն ներկայացնել կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմնին, պարտավորվելու են նաև պարտադիր քննության առնել Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմնի կողմից մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և դրանց ղեկավարների աշխատանքի վերաբերյալ առաջարկությունները և սահմանված ժամկետում տեղեկացնել ձեռնարկված միջոցների մասին։