Դեկտեմբերի 21-ին ՍԾՏՀԿ նախագահող երկիր Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Նիկու Պոպեսկուի նախագահությամբ կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։
Գնահատելով տարածաշրջանի համար դժվարին շրջանում տնտեսական համագործակցության խթանմանն ուղղված մոլդովական նախագահության ջանքերը՝ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն այս տարի նշվող ՍԾՏՀ 30-ամյակի համատեքստում կարևորել է կառույցի արդյունավետության բարձրացման և «ՍԾՏՀ տնտեսական օրակարգ» առանցքային փաստաթղթի վերանայման անհրաժեշտությունը, որի առնչությամբ ՀՀ-ն ներկայացրել է իր առաջարկները։ Նա նաև անդրադարձել է կազմակերպության շրջանակներում ՀՀ վերջին շրջանի գործունեությանը և նախաձեռնած միջոցառումներին։
Իր ելույթում Վահե Գևորգյանը տեղեկացրել է այս տարվա ընացքում ՀՀ-ում արձանագրված երկնիշ տնտեսական աճի, արտաքին առևտրի ծավալների էական ավելացման մասին, ինչը վերաբերում է նաև ՍԾՏՀ տարածաշրջանի երկրների հետ երկկողմ առևտրին։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի և Հայաստանի դեմ ագրեսիաներին և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների շարունակական օկուպացիային՝ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ դրանք լուրջ վտանգի տակ են դնում տարածաշրջանում խաղաղության և կայունության հեռանկարը։
Այս համատեքստում նա մատնանշել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը, որը մի կողմից բացահայտորեն ոտնահարում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առանցքային դրույթները, մյուս կողմից հումանիտար ճգնաժամ է առաջացնում Արցախում։
Հանդիպման արդյունքում ԱԳՆԽ-ն ընդունել է բանաձևեր և որոշումներ, ինչպես նաև հաստատել ՍԾՏՀԿ զբոսաշրջության աշխատանքային խմբի 2025-2026 թթ. ժամանակահատվածի համակարգման Հայաստանի թեկնածությունը։ Ավարտին ՍԾՏՀԿ-ում նախագահությունը փոխանցվել է Սերբիային։