ԸՆԴԳԾՎԵԼ Է ԼՂ-ՀՀ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն ապօրինաբար փակելու թեմայի արձագանքները շարունակվում են: Հեռախոսազրույցի ընթացքում թեման քննարկել են Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները: Սերգեյ Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների պահպանման խիստ անհրաժեշտությունը։ Լավրովն ափսոսանք է հայտնել, որ Երևանը հրաժարվել է մասնակցել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների` դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված հանդիպմանը՝ քննարկելու խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։ Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունների իրականացման շարունակականության կարևորությունը։
ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԵՑՎԻ. ԶԱԽԱՐՈՎԱ
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ՝ կարգուկանոնի և հանգստության ապահովման համար, գործում են համաձայնագրերի ոգուն և տառին համապատասխան՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Թեմային անդրադարձել է նաև Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Լրագրողը խնդրել է մեկնաբանել ՀՀ վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը չի կատարում եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը:
«Ռուս խաղաղապահները կատարում են իրենց առաքելությունը»,- նշել է Մարիա Զախարովան:
Նա շեշտել է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դադարեցվի:
Մարիա Զախարովա (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ) - ՌԴ պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում են աշխատել լարվածության թուլացման ուղղությամբ, և նրանց ջանքերի շնորհիվ դեկտեմբերի 16-ից վերականգնվել է գազամատակարարումը, հումանիտար նշանակության փոխադրամիջոցների շարժը, այդ թվում՝ շտապօգնության մեքենաների: Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում իրավիճակը կկարգավորվի: Կողմերին կոչ ենք անում խստորեն պահպանել իրենց ստանձնած պարտավորությունները՝ երեք երկրների ղեկավարների հայտարարություններին համապատասխան: Դրանք ենթադրում են նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապի ապահովում Լաչինի միջանցքով, որը գտնվում է ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո:
ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ ԼԱՉԻՆՈՎ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ
Պատասխանատուները պետք է քայլեր ձեռնարկեն Լաչինի միջանցքով երթևեկությունը շտապ վերականգնելու համար՝ հայտարարել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը: Դունյա Միյատովիչի խոսքով՝ մարդկանց տեղաշարժի տևական խափանումները, որոնք խանգարում են ոմանց հասնել իրենց տները, ինչպես նաև առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիությունը, ներառյալ՝ պարենի մատակարարումն ու անհետաձգելի բուժօգնությունը, սպառնում են Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից Մարդու իրավունքների իրացմանը:
Դունյա Միյատովիչ (Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար) - Ներկա իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս մարդասիրական օգնության և մարդու իրավունքների միջազգային առաքելությունների ազատ և անարգել հասանելիության ապահովման կարևորությունը բոլոր շրջաններում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում բնակվողների համար: Ինչպես ես նշել եմ իմ 2021 թ. հայտարարությունում, համապատասխան իշխանությունները պետք է մշակեն արդյունավետ և ճկուն մուտքի պայմաններ, որոնք թույլ կտան բոլոր համապատասխան սուբյեկտներին, ներառյալ՝ իմ գրասենյակը, հասանելիություն ունենալ մարդասիրական օգնության և մարդու իրավունքների պաշտպանության կարիք ունեցողներին:
Նա պատրաստակամություն է հայտնել շարունակել մեծ ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների իրավիճակին և համագործակցել բոլոր կողմերի հետ:
ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՍԵՆԱՏՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ ԼԱՉԻՆԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՒՄԸ
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը դատապարտել է Արգենտինայի Սենատի անդամ Գիլերմո Անդրադան և հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորման կոչ արել: Անդրադան հրապարակել է Սենատի քվեարկությանը ներկայացվող հայտարարության տեքստը, որում Ադրբեջանին կոչ է արվում պահպանել եռակողմ հայտարարությունների դրույթները, խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով՝ առանց բնակչությանը վնաս հասցնելու:
Լաչինի միջանցքի շրջափակմանը անդրադարձել է նաև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Լորի Տրեհանը: Թվիթերում կոնգրեսականը գրել է, որ հազարավոր ընտանիքներ վտանգված են ադրբեջանական այս անհիմն ագրեսիայի պատճառով, և դիմել է պետքարտուղարությանը՝ խնդրելով օգնել դիվանագիտական լուծում գտնելու հարցում։
ՓԱԼՈՆԸ՝ ՄԱԿ-Ի ԱԽ-ՈՒՄ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի շուրջ քննարկմանը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոնը.
«Ուրախ էի տեսնել, որ Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մյուս անդամների հետ պնդում է բացել Լաչինի միջանցքը և վերջ դնել Ադրբեջանի ստեղծած հումանիտար ճգնաժամին։ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը կշարունակի հորդորել ԱՄՆ պետքարտուղարին՝ հետագա գործողություններ ձեռնարկել Արցախի պաշտպանության համար»:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿՈՉ
Ֆրանսիայի խոշորագույն երեք քաղաքների՝ Փարիզի, Լիոնի և Մարսելի քաղաքապետները «Լիբերասիոն» օրաթերթում հրապարակել են համատեղ հոդված-կոչ՝ հայցելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ վերջինի կողմից Լաչինի միջանցքը արգելափակելու կապակցությամբ։ Նրանք կոչ են արել նախաձեռնել Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցների եվրոպական քաղաքականություն, ինչպիսին որդեգրվել է Ռուսաստանի դեմ՝ սկսելով, օրինակ, սառեցնել ադրբեջանցի ղեկավարների և օլիգարխների՝ Ֆրանսիայում պահվող ակտիվները: