Սերգեյ Լավրովը և Ջեհյուն Բայրամովը հեռախոսով քննարկել են իրավիճակը ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, որը սրվել է Լաչինի միջանցքի փակման և տարածաշրջանում հանքավայրերի շահագործման շուրջ կողմերի միջև տարաձայնությունների պատճառով: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:
Սերգեյ Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների պահպանման խիստ անհրաժեշտությունը։ Նա ափսոսանք է հայտնվել, որ Երևանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների՝ դեկտեմբերի 23-ին նախատեսված հանդիպմանը՝ քննարկելու խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։
Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունների իրականացման շարունակականության կարևորությունը։
ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԵՑՎԻ. ԶԱԽԱՐՈՎԱ
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ՝ կարգուկանոնի և հանգստության ապահովման համար, գործում են համաձայնագրերի ոգուն և տառին համապատասխան՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք, անշուշտ, մեր հայ գործընկերների և դաշնակիցների հետ կշարունակենք քննարկել այդ թեման»,- ասել է Պեսկովը ճեպազրույցի ժամանակ: Թեմային անդրադարձել է նաև Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Լրագրողը խնդրել է մեկնաբանել ՀՀ վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը չի կատարում եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը: «Ռուս խաղաղապահները կատարում են իրենց առաքելությունը»,- նշել է Մարիա Զախարովան: Նա հավելել է, որ քայլեր են ձեռնարկվում և աշխատանք է տարվում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:
Միևնույն ժամանակ Զախարովան հայտարարել է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը պետք է ավարտվի: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է կարգավորել նաև հանքավայրերի հետ կապված տարաձայնությունները: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ առաջիկայում իրավիճակը կկարգավորվի:
ՊԵՏՔ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ. ՄԱԿՐՈՆ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայի հնարավոր մուտքը ՆԱՏՕ Ռուսաստանի կողմից կընկալվի որպես առճակատման քայլ: Միևնույն ժամանակ Մակրոնը նշել է, որ դաշինքին Ուկրաինայի անդամակցությունն ամենահավանական սցենարը չէ: «Անկախ նրանից՝ Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին թե ոչ, նրան պետք է տրամադրել անվտանգության երաշխիքներ»,- ասել է Ֆրանսիայի առաջնորդը: Նա կարծիք է հայտնել, որ մայրցամաքում ապագա անվտանգության ճարտարապետության կառուցումը պետք է երաշխիքներ ներառի ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համար։
ԱԴՐԲԵՋԱՆԸ, ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԸ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը, Հուլուսի Աքարը և Ջուանշեր Բուրչուլաձեն եռակողմ հանդիպում են անցկացրել Թուրքիայի Կեսարիա քաղաքում: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը, եռակողմ ձևաչափով ռազմական համագործակցության զարգացումը, երկկողմ և եռակողմ համատեղ զորավարժությունների անցկացման կարևորությունը, ինչպես նաև տարածաշրջանային նախագծերի անվտանգության ապահովումը: Երեք երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները նաև կարևորել են էներգակիրների մատակարարման ուղիների դիվերսիֆիկացումը և էներգետիկ անվտանգության ուժեղացումը: Անդրադարձ է եղել նաև նաև Ուկրաինայում ռազմական գործողություններին: Հանդիպման արդյունքում նախարարները եռակողմ հուշագիր են ստորագրել: