ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի մեկնարկին անդրադարձավ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը և դրա հետևանքով հումանիտար ճգնաժամի թեմային:
«Նախորդ շաբաթվանից ի վեր Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամը չի հանգուցալուծվել՝ բացառությամբ թերևս մի բանի՝ վերականգնվել է ԼՂ բնական գազի մատակարարումը: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում հումանիտար իրադրությունը մնում է ծայրահեղ լարված, հարյուրավոր ընտանիքներ շարունակում են կիսված մնալ՝ ակամա հայտնված լինելով շրջափակման տարբեր կողմերում:
ԼՂ-ում առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների, այդ թվում՝ պարենի դեֆիցիտ է նկատվում: Լաչինի միջանցքը փակելու Ադրբեջանի գործողություններն ապօրինի են և կոպտորեն խախտում են նրա ստանձնած միջազգային պարտավորությունները, մասնավորապես, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները:
Հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ Լաչինի միջանցքը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, և Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երևեկության անվտանգությունը: Այս դրույթն այսօր փաստացի չի իրագործվում:
Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը:
Իհարկե, նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, որովհետև ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայության առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա և, մասնավորապես, վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը»,- ասաց Փաշինյանը: