Վաշինգտոնում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը: Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին և ամերիկացի ժողովրդին Ուկրաինային ցուցաբերած աջակցության համար: Բայդենը վստահեցրել է, որ Վաշինգտոնը կշարունակի ուժեղացնել Ուկրաինայի զինված ուժերը՝ հակաօդային պաշտպանությամբ: Նախագահները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Սպիտակ տան ղեկավարը հաստատել է, որ ավելի քան 2 մլրդ դոլարի օգնություն կտրամադրի Ուկրաինային և խոստացել է ևս 45 մլրդ դոլարի աջակցություն։ Պատասխանելով այն հարցին՝ արդյոք Կիևին Patriot համակարգերի մատակարարումը չի՞ հանգեցնի իրավիճակի էսկալացիայի, Բայդենը նշել է, որ այդպես չի կարծում, քանի որ Patriot-ը պաշտպանական համակարգ է։ Նա կրկնել է, որ ԱՄՆ-ը չի ձգտում Ռուսաստանի հետ երրորդ համաշխարհային պատերազմի մեջ մտնել, վստահություն հայտնելով, որ դրանից կարելի է խուսափել։ «Մենք կենտրոնացած ենք դաշնակիցների և գործընկերների հետ աշխատելու վրա՝ զարգացնելու Ուկրաինայի կարողությունները չորս հիմնական ոլորտներով»,- ասել է Բայդենը։ Նա պարզաբանել է, որ խոսքը հակաօդային պաշտպանության, ժամանակակից հրետանային համակարգերի, զրահատեխնիկայի ու զինամթերքի մատակարարման մասին է։
Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Ուկրաինայի նախագահը «բաց է խաղաղության հասնելու համար» Ուկրաինայում, և հավելել, որ Ռուսաստանի իշխանությունները, նրա կարծիքով, «մտադիր չեն դադարեցնել» ռազմական գործողությունները։ Իր խոսքում Ուկրաինայի նախագահը կրկին շեշտել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցում զիջումների անընդունելիության վերաբերյալ Կիևի դիրքորոշումը: Զելենսկին նաև հավելել է, որ այս պահին չի կարող որևէ ազդանշան ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
2023-Ը ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԿԼԻՆԻ. ԶԵԼԵՆՍԿԻ
Միացյալ նահանգներում ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից հետո Վոլոդիմիր Զելենսկին ելույթ է ունեցել Կոնգրեսում՝ վստահություն հայտնելով, որ Կոնգրեսի երկու կուսակցություններն էլ աջակցություն կցուցաբերեն իր երկրին։ Նրա խոսքով՝ Կիևին ֆինանսական օգնությունը «բարեգործություն չէ, այլ ներդրում համաշխարհային անվտանգության մեջ»։ Ուկրաինայի նախագահն ԱՄՆ օրենսդիրներին հայտնել է, որ իր երկիրը կանգուն է՝ անկախ ամեն ինչից։ Նա նաև կանխատեսել է, որ հաջորդ տարին հակամարտության համար «շրջադարձային կլինի»։ Շնորհակալություն հայտնելով տրամադրված ռազմական օգնության համար՝ Ուկրաինայի նախագահը միևնույն ժամանակ ասել է, որ դա բավարար չէ, և ռուսական բանակին հաղթելու համար ավելի շատ զենք է հարկավոր։ Իր ելույթի ավարտին Զելենսկին Կոնգրեսին նվիրել է Ուկրաինայի դրոշը՝ Բախմուտի պաշտպանների ստորագրություններով. այնտեղ նա եղել էր ԱՄՆ մեկնելու նախօրեին։ Զելենսկու ելույթը դրական է ընդունվել պալատների համատեղ հանդիպման մասնակիցների մեծամասնության կողմից, նա արժանացել է երկար ու հոտնկայս ծափահարությունների։ Միևնույն ժամանակ, մի քանի հանրապետական կոնգրեսականներ ոտքի չեն կանգնել և չեն ծափահարել:
ԿԻԵՎԸ ԵՎ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՉԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ. ԱՆՏՈՆՈՎ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու այցը Միացյալ Նահանգներ ցույց տվեց, որ ոչ Կիևը, ոչ Վաշինգտոնը չեն ցանկանում խաղաղություն և պատրաստ չեն դրան՝ հայտարարել է Միացյալ նահանգներում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։ Դիվանագետի խոսքով՝ Զելենսկու այցը հայտարարություն էր Ռուսաստանին հաղթելու անհրաժեշտության մասին։ «Ծափահարություններով հայտարարվեց, որ անհրաժեշտ է շարունակել «պատերազմը վստահված անձի միջոցով» մեր երկրի դեմ՝ մինչև լիակատար հաղթանակ»,- ասել է Անտոնովը: Անդրադառնալով Կիևին Patriot համակարգեր տրամադրելու թեմային՝ դիվանագետն ընդգծել է, որ Ուկրաինայում արևմտյան զենքերը համակարգված ոչնչացվում են ռուսական բանակի կողմից։
ՆԵԹԱՆՅԱՀՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Շաբաթներ շարունակ կոշտ բանակցություններից հետո կրոնական և ծայրահեղ աջ կոալիցիայի գործընկերների հետ՝ «Լիկուդ» կուսակցության ղեկավար, Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է երկրի նախարարների նոր կաբինետի ձևավորման մասին։ Նրա գլխավորած կուսակցությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ Նեթանյահուն Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին հեռախոսազանգով հայտնում է նոր կառավարության ձևավորման լուրը: «Շնորհիվ այն հսկայական հանրային աջակցության, որը մենք ստացանք վերջին ընտրություններում, ես կարողացա ձևավորել կառավարություն, որը կաշխատի ի շահ Իսրայելի բոլոր քաղաքացիների»,- գրել է Նեթանյահուն Twitter-ում: Նոր կառավարության կազմը Նեթանյահուն կներկայացնի մեկ շաբաթվա ընթացքում: