Երկրորդ կյանք տալ թափոններին, մշակված տվյալները դարձնել կիրառական նշանակության: Ապագա քիմիկոսը մասնագիտացել էր նյութագիտության ոլորտում: Պետական համալսարանի մագիստրոսը որոշեց նաև իրեն փորձել եռաչափ տպագրությունների բնագավառում: Կարճ ժամանակում Միքայել Թորոսյանը համոզվեց՝ արդիական այս ուղղությունը կիրառելի է ամենատարբեր ոլորտներում:
Միքայել Թորոսյան (ԵՊՀ մագիստրատուրայի ուսանող) - 3Դ տեխնոլոգիաները նաև մեզ թույլ են տալիս ստանալ այնպիսի դետալներ, որոնք հնարավոր չէր նախկինում ստանալ:
Որպես նորարար մոտեցում` մագիստրոսը կենտրոնացել է պղնձի փոշուց դետալների տպագրման մեջ, որոնք լայն կիրառում ունեն թերմոէլեկտրիկ ոլորտում: Պղինձը օգնում է անջատել ջերմությունը, հովացնել համակարգերը: Ավանդական տեխնոլոգիաները թույլ չեն տալիս 100 տոկոսով ստանալ արդյունավետ դետալներ՝ կիրառության համար:
Միքայել Թորոսյան - 3Դ պրինտինգը թույլ է տալիս ստանալ շատ ավելի փոքր, կոմպակտ, ավելի թեթև և էֆեկտիվ աշխատող այդպիսի դետալներ Էլեկտրոնիկա, մեքենաշինություն, անգամ տիեզերական սարքաշինություն:
Պղնձից դետալների ստացումը աշխարհում նոր ուղղություն է և ընդլայնում է կիրառության աշխարհագրությունը: Թափոնների մեծ մասը պղնձից են, և մագիստրոսը փորձում է դրանք վերամշակել, օգտագործել տպագրության մեջ: Դա կարևոր է նաև շրջակա միջավայրի պահպանության համար:
Միքայել Թորոսյան - Այսինքն` մենք թափոններ չենք առաջացնում, մենք թափոնները վերցնում ենք, մշակում և նորից օգտագործում, այսինքն` «ռիսայքլինգ» է գնում:
Տպագրության համար այս փուլում դեռ մեկ խնդիր կա՝ կատարում են լազերային սարքով, որի էներգիայի 95 տոկոսը հետ է վերադառնում, այսինքն` լազերի հզորությունը էֆեկտիվ չի օգտագործվում:
Միքայել Թորոսյան - Մենք փորձում ենք մշակել մեթոդ, որն ավելի օպտիմալ կլինի, ավելի քիչ էներգիա կծախսենք, նաև էկոլոգիապես մաքուր կլինի, քանի որ քիչ էներգիա ենք ծախսում:
Դիտարկում է նաև պոչամբարներից վերամշակման եղանակով մաքուր պղնձի փոշու ստացումը: Այս եղանակով տպվող դետալները միջինում 10 անգամ բարձրացնում են արտադրանքի արժեքը: Մոտ ապագայում իրատեսական է համարում թանկարժեք դետալների արտահանումը:
Միքայել Թորոսյան - Պլանների մեջ կա դուրս գնալը, տեսնել, թե ինչով են զբաղվում, ինչ հնարավորություններ կան, և ինչ հնարավորություններ կան` այդ ամենը Հայաստան բերելու, զարգացնելու:
Ապագա գիտնականը սկսնակներին կոչ է անում մնալ և տեղում զբաղվել մրցունակ գիտությամբ: Եթե նույնիսկ գնալ, ապա՝ վերադառնալու պայմանով: