Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող պետական գերատեսչությունների, շահագրգիռ կողմերի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի նիստը։ Այդ մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Նիստին մասնակցել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին, ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը և այլք։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում 2022 թ․ իրականացված բարեփոխումները, մասնավորապես՝ օրենսդրական փոփոխությունների, երեխաներին տրամադրվող ծառայությունների որակի բարելավմանն ուղղված աշխատանքների, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ։
Իր ելույթում նախարար Նարեկ Մկրտչյանն ընդգծել է երեխաների իրավունքների պաշտպանությանն ու նրանց լավագույն շահի ապահովմանն ուղղված շարունակական աշխատանքների կարևորությունը․ այս համատեքստում նախարարը նաև շեշտել է գործընկեր կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցության դերը։
«Երեխաների համար առավել ապահով ու բարեկեցիկ միջավայրի ստեղծումն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջնահերթություններից է, և այս նպատակին են ուղղված իրականացված ու նախատեսվող ոլորտային բարեփոխումները։ Տվյալ գործընթացում մեծ առաքելություն ունի նաև Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովը, և ուզում եմ ընդգծել, որ նախարարությունը հետևողական է լինելու նիստերի ընթացքում բարձրացված հարցերի լուծմանը, որոնք վստահաբար նպաստելու են երեխաների հիմնահարցերի ոլորտի զարգացմանը»,- նշել է Ն․ Մկրտչյանը։
Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում 2022 թվականին իրականացված աշխատանքները, մասնավորապես՝ ցերեկային և շուրջօրյա խնամքի ծառայությունների, խնամատարության և որդեգրման գործընթացի, պատվիրակված ծառայությունների, ապաինստիտուցիոնալացման գործընթացի վերաբերյալ։
ԱՍՀՆ հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանը մանրամասնել է ՀՀ-ում երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թթ․ ռազմավարական ծրագրի գնահատման արդյունքները, հիմնական բացահայտումներն ու առաջարկները։
Նիստը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց կարծիքներն ու առաջարկները քննարկված թեմաների վերաբերյալ։
Հանձնաժողովի որոշմամբ՝ կստեղծվի աշխատանքային երեք խումբ՝ ոլորտային մի շարք հարցերի համակողմանի ուսումնասիրման և լուծման տարբերակների վերհանման նպատակով։ Որոշվել է նաև Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի նիստերն անցկացնել առավել հաճախ՝ ընթացիկ հարցերին հրատապ արձագանքելու համար։