COVID-19-ի դեմ պատվաստված լինելու մասին կեղծ սերտիֆիկատներ կազմած և ակնհայտ ապօրինի անգործության համար կաշառք ստացած «Ալաշկերտի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Լ.Մ.-ի, նրան օժանդակած նույն բուժհաստատության բուժքույր Օ.Կ.-ի, կաշառքի միջնորդությունը ստանձնած Հ.Գ.-ի, կաշառք տվող Ք.Ք.-ի և պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդող Ս.Թ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը 2022 թվականի դեկտեմբերի 20-ին հսկող դատախազի կողմից հաստատվել և վարույթի նյութերի հետ միասին հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:
Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման գործընթացում լիազորություններ ունեցող «Ալաշկերտի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ի տնօրենը 2021 թվականին մի շարք քաղաքացիներից, այլ անձանց միջնորդությամբ, որպես կաշառք ստացել է տարբեր չափերի գումար, ընդունել կաշառք տալու առաջարկներ, ինչպես նաև քաղաքացիների դրդմամբ կատարել է նաև պաշտոնեական կեղծիք:
Մասնավորապես, շահադիտական նպատակով քաղաքացիների՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ իբր պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ տեղեկությունները նույն բժշկական հաստատության այլ աշխատակցի օժանդակությամբ լրացրել է Առողջապահության նախարարության կողմից սահմանված ձևաթղթում, ինչպես նաև մուտքագրել է պաշտոնական «Արմեդ» համակարգ՝ կազմելով պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ սերտիֆիկատ:
Գլխավոր դատախազությունը հորդորում է Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական հաստատությունների աշխատակիցներին և քաղաքացիներին՝ զերծ մնալ նման հանցավոր գործունեությունից՝ հաշվի առնելով, որ դրա արդյունքում իրական վտանգ է ստեղծվում անձանց կյանքի և առողջության համար՝ որոշ դեպքերում հանգեցնելով անդառնալի հետևանքների: