Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր այցելել է Զինվորական դատախազություն և ներկայացրել նորանշանակ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանին:
Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ Էլիզբարյանի նշանակումը համակարգի համար դրական ազդակ է. նոր զինդատախազի աշխատանքային կենսագրությունը (Լոռու կայազորի զինվորական դատախազ, Շիրակի կայազորի զինվորական դատախազ, Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազ և այլն) հուշում է բարձր պաշտոններում կատարվող նշանակումների տրամաբանության մասին:
«Անկախ աշխարհագրությունից՝ Սյունիք, Շիրակ թե այլ մարզ, պարոն Էլիզբարյանը ծառայությունն իրականացրել է անտրտունջ, հոգատար և սրտացավ»,- նշել է Աննա Վարդապետյանը և այս առումով կարևորել դատախազության որակյալ ներկայությունը կայազորներում:
«Իմ յուրաքանչյուր աշխատանքային օրը սկսվում է պարոն Էլիզբարյանի զեկուցումով: Եթե տեղեկացնում է, որ Զինված ուժերում լուրջ միջադեպեր, ամենակարևորը՝ մահեր չունենք, ինձ համար այդ օրն այլ տրամադրությամբ է սկսվում: Երբ հակառակն է լինում, հասկանում եմ, որ մենք դեռ շատ անելիքներ ունենք»,- նշել է գլխավոր դատախազ Վարդապետյանը:
Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանն անդրադարձել է նաև պատերազմական հանցագործությունների քննությանը և ընդգծել, որ քրեական վարույթների քննության ժամկետների հետ կապված խնդիրը պետք է քննչականների հետ համատեղ հաղթահարել՝ շեշտելով, որ «մեր ու ձեր չկա»:
«Շատ եմ կարևորում ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների վերաբերյալ գործերի քննությունը: Խնդիրները շատ լավ եք պատկերացնում, դրանք շատ են, և թեև վերջերս շտապողական, երբեմն անզուսպ վարքագիծ է դրսևորվում, բայց կարևորը հետևողական աշխատանք ապահովելն ու գործերով տրված հանձնարարականները կատարելն է, որից հետո կքննարկենք ու կհասկանանք այդ գործերի թե՛ որակումների հարցերը, թե՛ հետագա քննության հնարավորությունները»,- ամփոփելով խոսքը՝ նշել է ՀՀ գլխավոր դատախազը և Գրիգոր Էլիզբարյանին մաղթել արդյունավետ ծառայություն:
Նորանշանակ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին գնահատականների ու բարեմաղթանքների համար և վստահեցրել, որ համակարգում գրեթե բոլորին անձնապես ճանաչելով՝ այդ թվում նաև նրանց աշխատանքային ուժերն ու հնարավորությունները, առավելագույնն են անելու աշխատանքները որակով և ճիշտ կազմակերպելու համար: