Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները, և մենք պատրաստ ենք ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողները Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանից հետաքրքրվեցին, թե ինչ առաջարկներ է արել Հայաստանը Ադրբեջանին և հնարավո՞ր է արդյոք՝ խաղաղության պայմանագիրը մինչև տարեվերջ ստորագրվի:
«Մինչև տարեվերջ փաստաթղթի ստորագրում հնարավոր է, եթե Ադրբեջանը դրան դրական արձագանքի. դա կախված է Ադրբեջանից: Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Եվ այս առումով Հայաստանն իր քայլը կատարել է, և նաև այս ստեղծված ճգնաժամը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի ապակառուցողական դերը տարածաշրջանում:
Երբ խաղաղության բանակցություններ են ընթանում, Ադրբեջանը Լաչինի միջանցքը փակում է այսպես կոչված «բնապահպանների» միջոցով: Ես չգիտեմ՝ բնապահպանների մեջ գեներալ, կապիտան. այդպիսի պաշտոնով մարդիկ կա՞ն, թե՞ չէ, բայց այն, որ այդ մարդիկ Ադրբեջանի պաշտպանության կառույցների ներկայացուցչներ են, միանշանակ է, և այս առումով հենց Ադրբեջանի իշխանությունն է այդ շրջափակումը կազմակերպել, այդ քայլը որևէ քաղաքացիական նախաձեռնություն հետ կապ չունի, և իրավիճակը շարունակում է մնալ ճգնաժամային»,- ասաց Արմեն Գրիգորյանը:
«Մենք նաև հաշվի առնելով Լաչինի միջանցքի հանգամանքը, խաղաղության պայմանագրի տեքստում առաջարկել ենք այսպես կոչված երաշխավորների ինստիտուտ ստեղծել, և այդ երաշխավորների ինստիտուտը կարողանա ապահովել այդ պայմանագրի իրականացումը: Բացի դրանից մենք նաև առաջարկել ենք, որ միջազգային դատարան դիմելու մեխանիզմ ստեղծվի, եթե առաջանում է ճգնաժամ, և այդ ճգնաժամը հնարավոր չէ լուծել, ապա դիմենք միջազգային դատարան»,- նշեց Արմեն Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է այն հարցին՝ որոնք կարող են լինել երաշխավորները, ԱԽ քարտուղարն ասաց, որ վերջնական որոշում չկա. դա բանակցությունների առարկա է, կախված է պետություններից, որոնք պատրաստակամություն կհայտնեն երաշխավորի դերակատարություն ստանձնել:
Հարցին ի պատասխան՝ արդյոք խաղաղության պայմանագրի բովանդակությունը ԼՂ հակամարտության լուծման տարբերակ ներառո՞ւմ է, ասաց. «Երբ բանակցությունների սեղանին նստենք, երբ Ադրբեջանն արդեն պատրաստ լինի մեր պատասխանների հիման վրա բանակցություններ վարել, այդ ժամանակ մեզ համար պարզ կլինի»: