Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել քրեական գործերով մինչդատական վարույթի փուլում պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական հանդիպումը:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ դատախազության, Հակակոռուպցիոն կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի, Ֆինանսների նախարարության, Արդարադատության նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները:
Նախաքննական մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են տվյալ նախաքննական մարմնի դեպոզիտ հաշիվներում առկա միջոցների վերաբերյալ քանակական տվյալներ, ինչպես նաև տվյալ միջոցների ծագումնաբանությունը պարզելու ուղղությամբ կատարված աշխատանքները:
ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի տեղակալ Մհեր Մկրտչյանն աշխատանքային խմբին է ներկայացրել քրեական գործերով պետությանը կամ համայնքներին պատճառված վնասների վերականգնումը համապատասխան բյուջեներ արդյունավետ հաշվառելու վերաբերյալ առաջարկվող իրավական լուծումները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման մեկ միասնական գանձապետական հաշվեհամար ունենալու գործընթացի կազմակերպման վերաբերյալ առաջարկներն ու դրանց լուծման արդյունավետ եղանակները:
Հանդիպման արդյունքներով՝ աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ ներկայացված առաջարկները և ընթացիկ աշխատանքները ամփոփելու և մինչև տարեվերջ ՀՀ վարչապետի աշխատակազմ առաջարկություններ ներկայացնելու նպատակով: