Դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի հերթական ընդլայնված նիստը։
Նիստին մասնակցել են նաև պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Նիստի մասնակիցներին ողջունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։
Պաշտպանը տեղեկացրել է, որ տարվա ընթացքում Կանխարգելման ազգային մեխանիզմը ի թիվս այլ հաստատությունների, մշտադիտարկել է երեք խոշոր հոգեբուժական հաստատություն՝ ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ը և ՀՀ առողջապահության նախարարության «Ավան» հոգեկան առողջության կենտրոնը, ինչպես նաև երեք քրեակատարողական հիմնարկներ՝ «Աբովյան», «Արմավիր», «Գորիս»։
Գրիգորյանը հայտնել է, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում մշտադիտարկման արդյունքում նաև արտահերթ զեկույց է հրապարակվել։
Ինչ վերաբերում է հոգեբուժական կազմակերպություններում իրականացված մոնիթորինգի արդյունքներին, Պաշտպանի խոսքով, ոլորտում կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից նախորդիվ վեր հանված խնդիրների առյուծի բաժինը շարունակում է մնալ, այլ կերպ ասած գործ ունենք շարունակվող համակարգային խնդիրների հետ։
Գրիգորյանի խոսքով՝ հոգեկան առողջության հաստատություններում Պաշտպանի հաստատության մշտադիտարկման հիմնական հետևությունները վերաբերում են անձի տեղեկացված համաձայնության ապահովման, զսպան ու հանդարտեցման միջոցների կիրառմանը վերաբերող միջազգային պարտավորությունների և ազգային օրենսդրության խախտումներին, որպես խոշտանգումների կանխարգելման միջոց՝ վնասվածքների պատշաճ արձանագրման պրակտիկաների բացակայությանը, անգործունակության ինստիտուտի խորացող մարտահրավերներին, այդ թվում՝ դատական խնդրահարույց պրակտիկային, հիվանդասենյակների գերբեռնվածության, սննդի տրամադրման պատշաճ պարբերականության, անչափահաս անձանց նկատմամբ հոգեկան առողջության հաստատություններում եղած խնդրահարույց գործելակերպերին և այլն:
Այնուհետև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը ներկայացրել է 2022 թվականի ընթացքում կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից հոգեբուժական կազմակերպություններում իրականացված մշտադիտարկումների արդյունքում վեր հանված խնդիրները։
Տեղի է ունեցել հարցուպատասխան խնդրահարույց թեմաների վերաբերյալ։ Իրավասու Աշխատանքի և սոցիալական հարցերի ու Առողջապահության նախարարությունների ներկայացուցիչները մեկնաբանություններ են ներկայացրել: Խորհրդի անդամները միակարծիք են եղել, որ ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունը պետք է առավել պատշաճ իրականացվի, ինչն էլ արձանագրված համակարգային խնդիրների սկզբնաղբյուրն է: Անդրադարձ է կատարվել նաև հոգեբուժական հաստատություններում աշխատողների աշխատանքային պայմաններին, սոցիալական երաշխիքներին, հոգեբույժ մասնագետների սուր պակասի խնդիրներին, որն էլ շատ հաճախ շղթայական համակարգային խնդիրների պատճառ է դառնում։
Խորհրդի անդամները կոչ են արել Մարդու իրավունքների պաշտպանին շարունակել արձանագրված խնդիրները հետևողական կերպով ու հրապարակավ ներկայացնել կառավարությանն ու Ազգային ժողովին, ինչպես նաև իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցել Պաշտպանի մանդատին, այդ թվում՝ արձանագրված խնդիրների լուծման պահանջներ ձևակերպելու ու ներկայացնելու առումով: