Վերաարտահանման նպատակով Հայաստան ներմուծվող ապրանքների համար վճարված ակցիզային հարկը հունվարի 1-ից կվերադարձվի: Փոփոխությունն օրենքում արդեն կատարվել է, Ֆինանսների նախարարության պաշտոնյան բացատրում է՝ խոսքը սպառման հարկատեսակի մասին է, և եթե ապրանքը մեր երկրում չի վաճառվում, դրանից հարկ գանձելը ճիշտ մոտեցում չէ:
Օրի Ալավերդյան (ՀՀ ՖՆ եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ) - Խոսքը վերաբերում ա նույն ներմուծող տնտեսվարող սուբյեկտի կողմից արտահանման դեպքին, այսինքն՝ երբ որ ՀՀ-ում իրացվի այդ ապրանքը և հետո արտահանվի, այդ դեպքում կարգավորումը կիրառելի չի լինի, այսինքն՝ մենք խոսում են ՀՀ ներմուծված այնպիսի ապրանքների մասին, որոնք հենց նույն ներմուծողի կողմից են արտահանվում:
Պարզ լեզվով՝ կարգավորումը կտարածվի տրանզիտ գնացող ապրանքների վրա, այս կերպ վերացվում է նաև հարկման համակարգով պայմանավորված մրցակցային թերությունը՝ ասում է Ալավերդյանը, մանրամասնում.
Օրի Ալավերդյան - Հայաստանում վճարված ակցիզային հարկը, քանի դեռ իրենց չի վերադարձվել, մտնում է էդ ապրանքի ինքնարժեքի մեջ, այսինքն՝ էդ ապրանքը մյուս ներմուծվող երկրում ունենում է գնային մրցակցային խնդիրներ միայն ու միայն ՀՀ-ում վճարված հարկի համար, ընդ որում՝ անուղղակի հարկի համար:
Փոփոխության առաջարկը եկել է հենց բիզնեսից՝ հարկման գործող մեխանիզմից դժգոհությունը նրանք են Ֆիննախ հասցրել: Գործող կարգը հակասում է նաև սպառման հարկերի միջազգայնորեն ընդունված մոտեցումներին՝ նշում է մասնագետը: Ալավերդյանի խոսքով՝ որոշվել է նաև պետբյուջեի վրա ավելորդ ծախս չդնել ու վերաարտահանվող ապրանքները ակցիզային դրոշմանիշով չդրոշմավորել:
Օրի Ալավերդյան - Էդ դրոշմանիշը նրա համար է, որ ֆիքսվի Հայաստանում էդ ապրանքի սպառման քանակը, քանի որ ապրանքը Հայաստանում չի սպառվելու, անիմաստ է նրա վրա ունենալ դրոշմանիշ, առավել ևս, որ դրոշմանիշի գումարը, տպագրության բեռը պետբյուջեի վրա են:
Օրի Ալավերդյանը վստահեցնում է՝ հաշվի են առել նաև ռիսկերը, վերահսկողությունը ՊԵԿ-ն է իրականացնելու, պաշտոնյան կարծում է՝ օրենքը շրջանցելու, վաճառված ապրանքից հարկ հետ ստանալու սողանցքները կառավարելի են:
Օրի Ալավերդյան - Կառավարության որոշմամբ կսահմանենք կարգ, թե ինչպես ենք վերահսկելու և՛ ներմուծված, և՛ արտահանված ապրանքների քանակը, այդ ապրանքների տեղաշարժի շղթան ինչպես ենք վերահսկելու, խոշոր հաշվով, մեծ ռիսկեր չենք տեսնում:
Սահմանով ներմուծվող ապրանքները քանակապես չափելի են, իսկ վերաարտահանման նպատակով հիմնականում խոշոր տնտեսվարողներն են ապրանք բերում տանում՝ նշում է Ալավերդյանը: Նրանք էլ, որպես կանոն, ասում է, ռիսկային չեն, հետևաբար կարծում է՝ համակարգն առանց խնդիրների կաշխատի: