Նարեկ Ղազարյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ: Նրա թեկնածությունը ներկայացրել էր ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 76-ը: Քվեատուփում առկա է եղել 76 քվեաթերթիկ: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Նարեկ Ղազարյան՝ կողմ՝ 70, դեմ՝ 6:
Նարեկ Ղազարյանը 2022 թ. ապրիլից առ այսօր զբաղեցնում է ԿԲ ֆինանսական շուկաների դեպարտամենտի ռիսկերի կառավարման վարչության պետի պաշտոնը:
Երեկ ԱԺ արտահերթ նիստում Ղազարյանը ներկայացրել էր համաշխարհային և ներքին տնտեսություններում ընթացիկ տարվա սկզբից արձանագրված զարգացումներն ու ԿԲ-ի համապատասխան արձագանքը: Նա անդրադարձել էր նաև առկա տնտեսական մարտահրավերներին, ԿԲ-ի ռազմավարությամբ ակնկալվող խորքային վերափոխումներին և այդ գործընթացում իր իսկ կողմից ակնկալվող ներդրմանը: