Արտավազդ Քոչարյան («Խոսրովի անտառ» պետական արգելոցի փոխտնօրեն) - Ահա մեր բնության հրաշք եղևնիները ուզում են գալ, կտրել տանել, որպես տոնածառ օգտագործել:
Խոսրովի անտառում հսկողության խիստ ռեժիմ է հաստատվել: Տարվա հենց այս ժամանակահատվածում այստեղ ակտիվանում են որսագողության ու ծառահատումների դեպքերը: Հատկապես ամանորին ընդառաջ անտառում գրավիչ են կանաչ սոճիները:
Հանրահայտ «Ֆորբս» ամսագիրը Կովկասի բնության հրաշալիքների ցանկում է ներառել նաև Խոսրովի արգելոցը: Ֆորբսը նշել է՝ որպես աշխարհում առաջին ազգային պարկ հայտնի է Ելոու սթոունը, որը հիմնադրվել է 1872 թվականին, այնինչ Խոսրովի անտառը՝ որպես պահպանվող տարածք, շատ ավելի հին է: Այն ստեղծվել է դեռևս 4-րդ դարում՝ Խոսրով Երրորդ արքայի օրոք: Այս տարի «Խոսրովի անտառ» արգելոցի այցելուների թիվը ավելի քան կրկնապատկվել է: 2021-ի մոտ հազար այցելուի փոխարեն՝ 2022-ին 2500 զբոսաշրջիկ են ընդունել:
Լիլիա Թորոսյան («Խոսրովի անտառ» պետական արգելոցի գիտության, էկոտուրիզմի բաժնի պետ) - Խոսրովի արգելոցում զբոսաշրջության ձևերից նախապատվությունը տրվում է գիտաճանաչողական զբոսաշրջությանը և էկոզբոսաշրջությանը: Բնության հատուկ պահպանվող տարածքներում առհասարակ էկոզբոսաշրջությունը ունի հատուկ կազմակերպվող առանձնահատկություններ՝ ելնելով նաև հենց տարածքի պահպանության ռեժիմից: Խոսրովի արգելոցի թույլտվությունները տրամադրվում են սահմանափակ քանակով, որոշակի կանոնակարգով, և հաշվի առնելով այդ ամենը՝ այս տարի մեզ հաջողվեց կրկնապատկել նախորդ տարվա ցուցանիշները՝ գրանցելով և՛ այցելությունների աճ, և՛ եկամուտների աճ:
Արտերկրի զբոսաշրջիկներին Խոսրովի արգելոցը գրավում է վայրի բնությամբ: Ավելի քան 200 կենդանատեսակների թվում քիչ չեն աշխարհում անհետացողները՝ ասում է արգելոցի գիտության և էկոտուրիզմի բաժնի ղեկավարը: Նոր հեռադիտակներ, անտառապահին հարիր համազգեստ, գիտական ուսումնասիրությունների համար նախատեսված սարքեր. եկամուտների ավելացումը նպաստել է, որ տարածքի պահպանության համար վերազինման ծրագրեր իրականացնեն:
Ռադիկ Օղիկյան («Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի պաշտոնակատար) - Անցած տարիներին ունեցել ենք մոտ 3 միլիոնի գումարի չափով, այս տարի կրկնապատկել ենք մեր գումարը, որը հասնում է մոտ 6 միլիոնի: Գումարները նպատակային ծախսվում են և՛ տրանսպորտների վերանորոգման, կահավորման, և՛ գույքով հագեցվածության, ինչպես նաև աշխատակիցների համազգեստների և այլ աշխատանքների համար:
Հիմա գործակցում են Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի գրասենյակի և Կովկասի բնության հիմնադրամի հետ, որոնք աջակցում են ֆինանսական և նյութատեխնիկակական հարցերով, եթե կարողանան հաջորդ տարիներին ևս ապահովել սեփական եկամուտների տեմպը, էլ ավելի խիստ պայմաններով պահպանություն կիրականացնեն: