Լիտվայի հանրային հեռուստատեսությունը հաղորդում է, որ լիտվացի զինվորները դադարեցրել են մշտական հսկողությունը Բելառուսի հետ սահմանին, միաժամանակ, նշանակվել են արագ արձագանքման խմբեր՝ անհրաժեշտության դեպքում պետական սահմանապահ ծառայությանն աջակցելու համար։
Նման որոշում է կայացվել, քանի որ ավարտվել է արգելապատնեշի կառուցումը, ավարտին են հասցվում սահմանին հսկողության միջոցների տեղադրումը, ասվում է ռազմական գերատեսչության հայտարարության մեջ։ Սահմանապահ ծառայության տվյալներով՝ անվտանգության համակարգերի տեղադրման աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ։
679 կմ երկարությամբ սահմանի ամբողջ 502 կմ ցամաքային հատվածն օգոստոսին ամրացվել է սահմանային պարիսպով: Պետական սահմանապահ ծառայությունը, սակայն, նշում է, որ միգրանտները մշտապես վնասում են պատնեշը՝ փորձելով այն անցնել:
«ԵՄ տարածք անցնելու փորձ կատարող միգրանտների թիվն այս տարի նվազել է, սակայն սահմանապահները դեռևս ամեն օր հայտնում են տասնյակ հատման փորձերի մասին»,- ասվում է ծառայության հաղորդագրությունում։
Լիտվայի ազգային գվարդիան ավելի քան մեկ տարի է, ինչ օգնում է սահմանապահներին Բելառուսի հետ սահմանը պարեկելիս՝ անցյալ տարվա ամռանը ծագած միգրանտների ճգնաժամից հետո։