Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ երեկ ՄԱԿ-ի ԱԽ-ում կայացած նիստին, որտեղ քննարկվել է Լաչինի միջանցքի հարցը:
«Կարծում եմ՝ շատ հաջող նիստ էր, ըստ էության բոլոր երկրների ներկայացուցիչները ֆիքսեցին, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը պետք է դադարի, և Ադրբեջանին կոչ արեցին հավատարիմ մնալ նոյեմբերի 9-ի հայտարարության այն դրույթին, ըստ որի՝ Լաչինի միջանցքը պետք է ապահովի անխափան կապ Հայաստանի և Արցախի միջև»,- ասաց Ռուբինյանը:
Լրագրողները մեջբերեցին Ադրբեջանի ներկայացուցչի ելույթը, որտեղ նա պնդում էր, թե Ադրբեջանը չի փակել Լաչինի միջանցքը: Ի՞նչ նկատի ուներ նա՝ հարցրին Ռուբինյանին:
«Նկատի ունի Ռուսաստանին: Դա ադրբեջանական կեղծ պրոպագանդիստական թեզ է, որը նրանք օգտագործում են տարբեր հարթակներում: Կոնկրետ այս դեպքում ՄԱԿ-ի ԱԽ-ում էր դա ասում, դրա համար երևի ուղիղ չասեց, որ Ռուսաստանին են մեղադրում: Այլ հարթակներում նրանք բացեիբաց դա ասում են, բայց դա, բնականաբար, չի համապատասխանում իրականությանը: Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակել է Ադրբեջանը»,- նշեց Ռուբինյանը:
Ռուբինյանի խոսքով՝ պետք է հնարավորինս մեծացնել միջազգային ճնշումը Ադրբեջանի նկատմամբ:
«Երեկվա նիստից ակնհայտ դարձավ, որ այդ ճնշումն իրապես մեծացել է ու մեծանում է: ԼՂ-ն և ԼՂ հիմնախնդիրը միջազգայնանում են կրկին, դա հենց Ադրբեջանի ապօրինի քայլերի արդյունքն է: Դուք տեսաք, որ բոլոր երկրների ներկայացուցիչներն օգտագործում էին ԼՂ անվանումը՝ ի հեճուկս Ադրբեջանի պնդումների, բոլորը ֆիքսում էին նոյեմբերի 9-ի հայտարարության կարևորությունը և դրա մեջ պարփակված պայմանավորվածությունների պահման կարևորությունը, բոլորը ֆիքսում էին Լաչինի միջանցքը և դրա կարգավիճակը, պետք է շարունակենք մեծացնել ճնշումը»,- հավելեց Ռուբինյանը: