Եվրոպայի պետությունները չպետք է շարունակեն ներքաշվել Ուկրաինայի զինված հակամարտության մեջ, Հունգարիան էլ մտադիր չէ միջամտել դրան։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Բուդապեշտում 2022 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը:
«Եվրոպան արդեն խորասուզվել է Ուկրաինայի պատերազմի մեջ: Նա, ով զինվորներ է պատրաստում ու զենք է մատակարարում, գլխիվայր ընկել է ռազմական գործողությունների մեջ: Բուդապեշտը չի միջամտի, չնայած մարդասիրական օգնություն ենք տրամադրում ու կտրամադրենք Ուկրաինայից փախստականներին»,- ասել է կառավարության ղեկավարն ու հավելել.
«Անկախ ու ինքնիշխան Ուկրաինայի գոյությունը բխում է Հունգարիայի շահերից, սակայն մեր շահերից չի բխում Ռուսաստանի տնտեսությունը Եվրոպայից տարանջատելը»:
Հունգարիայի իշխանությունները նախկինում բազմիցս կոչ են արել խաղաղ բանակցություններ սկսել ուկրաինական հակամարտությունը լուծելու համար։ Բուդապեշտը ռազմական օգնություն չի ցուցաբերում Կիևին, սակայն աջակցում է ուկրաինացի փախստականներին։