Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը հավանություն է տվել ֆիզիկայի ու ռադիոֆիզիկայի ֆակուլտետները միավորելու և արդյունքում ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտ ստեղծելու նախագծին: Որոշվել է այն ներկայացնել հոգաբարձուների խորհրդի հաստատմանը:
Հովհաննես Հովհաննիսյան (ԵՊՀ ռեկտոր) - Ժամանակին դրանք եղել են մեկ ֆակուլտետ, ինչ-ինչ անձնական պատճառների բերումով են բաժանվել: Այսինքն՝ այդ բաժանումը տեղի չի ունեցել բնականոն կամ գիտության զարգացման հետևանքով: Եվ այսօր իրավիճակը այնպիսին է, որ մենք պետք է մեր ուժերը կենտրոնացնենք, որպեսզի մաքսիմում արդյունք ստանանք թե՛ գիտության, թե՛ կրթության բնագավառում:
Ռեկտոր Հովհաննիսյանը վստահեցնում է՝ երկու ֆակուլտետը միավորելու նախագիծը հիմնված է համակողմանի քննարկումների ու վերլուծությունների վրա:
Հովհաննես Հովհաննիսյան - Այս խոշորացումները որևէ կերպ ինքնանպատակ չեն, սրանց միակ նպատակը գիտության, կրթության առավել սերտաճումն է, հետազոտությունը և գիտությունը դեպի լսարան բերելն է և այս երկու հաղորդակից անոթները իրար առավել միաձուլելը, որը նաև բխում է մեր ռազմավարական նպատակներից:
Ռեկտորը սա համարում է ԵՊՀ-ն հետազոտական համալսարան դառնալու, ուժեղանալու կարևոր քայլերից մեկը: Մասնավորապես ֆիզիկան նպատակ ունեն դարձնել ավելի գրավիչ ապագա ուսանողների համար: Կրթական ծրագրերը վերանայվելու են՝ դարձնելու ավելի արդիական, որ նաև հնարավոր լինի Բոլոնիայի գործընթացի շրջանակում ապահովել կրեդիտների փոխճանաչումը և ուսանողների շարժունությունը: Ու եթե սկզբնական շրջանում միավորման վերաբերյալ անհամաձայնությունները քիչ չեն եղել, վերջնական քննարկումների արդյունքում պատկերը փոխվել է. 88 հոգանոց գիտական խորհրդում մեծ մասը կողմ է եղել նախագծին, և միայն 3 հոգի է քվեարկել ձեռնպահ:
Կադրային մեծ փոփոխություն չի նախատեսվում: Երկու դեկանի փոխարեն կլինի նորաստեղծ ինստիտուտի ղեկավար, որը կունենա գիտության և կրթության գծով տեղակալներ: Գործող դեկանները կարողացել են խնդրին ոչ անձնականի դիտանկյունից մոտենալ, ինչքան էլ որ ֆիզֆակի դեկանը կորցնելու է պաշտոնը, ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկանն էլ, նախատեսվում է, որ կղեկավարի միացյալ կառույցը, գոնե սկզբնական փուլում:
Ռաֆիկ Հակոբյան (ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան) - Եթե ճիշտ կազմակերպենք, եթե չշտապենք, կարելի է էնպես անել, որ իրոք արդյունավետ լինի, որովհետև եթե ընդհանուր ենք մոտենում, ես որպես ֆիզիկ չխոսեմ, այլ որպես ՀՀ քաղաքացի, իրոք մեկ համալսարանի մեջ երկու հատ ֆիզիկայի ֆակուլտետ այնքան էլ ճիշտ չէ: Իհարկե մեկը ավելի շատ կիրառական բնույթ ունի, մերը ավելի շատ հիմնարար բնույթ ունի, բայց երկուսում էլ կան և՛ հիմնարար էլեմենտներ, և՛ կիրառական էլեմենտներ: Սկզբունքորեն գուցե կարող ենք էնպես անել, որ իրոք այդ միացումը էֆեկտիվ, մի հզոր ֆիզիկայի ֆակուլտետ լինի իր գիտական մասով, իր կրթական մասով:
Խաչատուր Ներկարարյան (ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան) - Ինչ վերաբերում է մեր ֆակուլտետին, մենք գտնում ենք, որ կարելի էր այդ խոչընդոտները հաղթահարել առանձին-առանձին: Մասնավորապես իմ ելույթում ես նշեցի, որ մենք պատրաստ ենք մեր երեք ծրագրերը փոխարինել մեկով, բացի այդ, ավարտին հասցնել սերնդափոխությունը և ազատվել անբարեխիղճ ուսանողներից բավականին կտրուկ: Գիտական խորհուրդը գտավ, որ դա պետք է իրականացնել երկու ֆակուլտետների միաձուլումից հետո, մենք էլ, բնականաբար, ենթարկվում ենք գիտական խորհրդի որոշմանը, ես գտնում եմ՝ սա նույնպես ճանապարհ է: Ֆիզիկոսների, համենայնդեպս, համալսարանից դուրս գտնվող ֆիզիկոսների ճնշող մեծամասնության կարծիքն այն է, որ ուժերի և ռեսուրսների համատեղումը ճիշտ է: Նույն կարծիքին է մեր մտավորականության մի զգալի մասը:
Երկուսն էլ սկզբունքորեն դեմ չեն միավորմանը, բայց ափսոսում են ֆակուլտետների զարգացման համար տարիների իրենց աշխատանքն ու ջանքերը, կարևորում, որ նորը ստեղծելու ճանապարհին ձեռքբերումները պահպանվեն:
Ծրագրվող ֆիզիկայի ինստիտուտի կազմում, միացյալ ֆակուլտետից բացի, ներառվելու է նաև ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտը: Նորաստեղծ ստորաբաժանումը, այդպիսով, բաղկացած կլինի կրթական և գիտահետազոտական բաժիններից:
Հեղինակ՝ Աննա Զախարյան