Հայկական դրամը դոլարի նկատմամբ տարեսկզբից 22 տոկոս աճ է գրանցել՝ դառնալով աշխարհի առաջատար արժույթը: «Բլումբերգ» ֆինանսական պարբերականի գնահատականն է: Ուկրաինայում հակամարտության ֆոնին ռուսաստանցիների արտագաղթը նպաստել է նախկին խորհրդային պետությունների արժույթների՝ համաշխարհային վարկանիշներում առաջին դիրքերը զբաղեցնելուն: Դոլարի նկատմամբ ամենամեծ աճը գրանցել են հայկական դրամը՝ 22, վրացական լարին՝ 16, և տաջկական սոմոնը՝ 10 տոկոսով: Ըստ պարբերականի՝ տեղական արժույթների աճի ամենամեծ ազդեցությունը զգացվել է փոքր հանրապետություններում։
Սերգեյ Բագրատյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Ռուսաստանցիները միլիարդավոր դոլարներ իրենց խնայողությունները տեղափոխել են այլ հանրապետություններ, մասնավորապես՝ Հայաստան, Վրաստան, Տաջիկստան, Ղազախստան և այլն, և այդտեղ որ բանկը դրամավարկային ճիշտ քաղաքականություն է վարել, նա լրացուցիչ հնարավորություն է ստեղծել իր քաղաքացիների համար՝ ավելի հարմարավետ դիրքավորվելու:
Ղազախստանը, որն ունի մոտ 19 միլիոն բնակչություն, նույնպես դարձել է ռուսաստանցիների կողմից պահանջված երկիր, սակայն ղազախական տենգեն, «Բլումբերգի» կանխատեսմամբ, կարող է տարին ավարտել արժեզրկմամբ:
Սերգեյ Բագրատյան - Եթե Ղազախստանում 19 մլն բնակչության դեպքում նման ծավալը կարողանում են մարսել, և նույնիսկ տենգեն հնարավոր է, որ իջնի դոլարի նկատմամբ, Հայաստանի և Վրաստանի շուկաները, ավելի փոքր լինելով, այդ ավելցուկը հսկայական ազդեցություն է ունեցել:
Մասնագետների գնահատմամբ՝ «Բլումբերգը» դիտարկում է արժույթները, քանի որ այն համաշխարհային տնտեսության մեջ վերջին տարիներին ուսումնասիրության գլխավոր թեմաներից է դարձել:
Վիլեն Խաչատրյան (ՀՀ ՊԿԱ կառավարման ամբիոնի վարիչ) - Կա այսպիսի երևույթ, որը կոչվում է «արտարժութային պատերազմներ», հետաքրքիրն այն է, որ տարբեր արժույթներ միմյանց հետ մրցակցում են: Այս առումով, եթե մենք դիտարկում ենք որևէ արժույթի մյուսի նկատմամբ արժևորման, շատ տպվելու փողի և այլն այսպիսի հետաքրքիր հարցեր կան: Եվ մեկ հետաքրքիր հանգամանք ևս արտարժույթի ցանկացած 20 տոկոսից ավելի տատանում դիտարկվում է որպես արտարժութային ճգնաժամ՝ լինի դա բացասական թե դրական տեսանկյունից:
Վիլեն Խաչատրյանի խոսքով՝ դրամի արժևորմանը նպաստել է 10-ից ավելի գործոն, այդ թվում` զբոսաշրջիկների և միգրանտների հոսք, որը բերել է նաև տրանսֆերտների մեծ աճի, բիզնեսների տեղափոխություն, արտահանման աճ և այլն: Սակայն մասնագետը նաև հնարավոր խնդրի մասին է բարձրաձայնում:
Վիլեն Խաչատրյան - Հնարավոր է, որ տեղի են ունեցել նաև արտարժութային սպեկուլյացիաներ: Այս գործոնը, իհարկե, կանխվում է ԿԲ-ի կողմից և փորձ է արվում զսպել: Մյուս գործոնը բացասական ռիսկային տեսանկյունից կարող է լինել այն, որ երկիրը կարող է վերածվել արտարժութային տրանսֆեր հանդիսացող երկրի, այսինքն` այդ արտարժույթը մուտք գործի Հայաստան և դուրս գա: Բայց, ինչպես մենք նկատում ենք պահուստների աճից, դա տեղի չի ունեցել, և կարելի է ասել՝ տրանսֆերտային աճի երկիր լինելու վտանգն էլ փորձել են չեզոքացնել բանկերը իրենց կոմիսիոն բարձր վճարների կամ տոկոսային այդ պահումների միջոցով:
«Բլումբերգի» վերլուծությունը անհետևանք չի մնա՝ նշում է պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, նաև առանձնացնում, թե ինչպես կարող է ազդել մեր երկրի վրա:
Սերգեյ Բագրատյան - Դա կարող է ազդել մեր հետագա վարկունակության վրա, երկրի հեղինակության վրա, և նման զեկույցները էական ազդեցություն ունեն նաև ներդրումային քաղաքականության վրա, և սա կարող է հնարավորություն տալ օտարերկրյա ներդրողներին՝ լրացուցիչ ուշադրություն դարձնել Հայաստանի վրա, Հայաստանի տնտեսության վրա:
Մասնագետներն ընդգծում են՝ գալիք տարի նման մեծ հոսքերի սպասումներ չպետք է ունենալ, սակայն եղածը ճիշտ օգտագործելով և հարմարավետ պայմաններ ստեղծելով` հնարավոր կլինի դարձյալ բարձր արդյունքներ գրանցել:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան