Ադրբեջանն այսօր իր գործողությունների հետևանքով փակուղում է հայտնվել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նկատի ունենալով երեկ կայացած ՄԱԿ-ի ԱԽ նիստը:
«Ենթադրում եմ՝ Ադրբեջանը չէր սպասում նման արձագանքի: Շարունակելու ենք բոլոր հնարավոր միջոցներով, որոնք հասու են ՀՀ-ին և որոնք Հայաստանին չեն ներքաշի մեկ այլ պրոցեսի մեջ, շարունակել այս ուղղությամբ աշխատանքը»,- ասաց Սիմոնյանը:
Հարցին, թե ինչպես է գնահատում ՌԴ ներկայացուցչի ելույթը՝ Սիմոնյանը պատասխանեց.
«Ելույթը գնահատում եմ բացասական, որովհետև համարում եմ, որ դաշնակցի կողմից շատ ավելի հասցեական կարող էր հնչել, դա արեցին երկրներ, որոնք ՀՀ-ի հետ սերտ կապեր չունեն: Կարծում եմ՝ կամ չի կարողանում, կամ չի ուզում, կամ չի կարողանում և չի ուզում:
Ես զարմացած չեմ, վերջին իրադարձությունները ցույց էին տալիս, որ հնարավոր է՝ ՌԴ-ի կողմից լիներ արձագանք, ու հնչեր գնահատականը: Երևի այն պատճառով, որ հենց ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է, այսինքն՝ նրանք այդ ձևով ուզում են իրենց վրա շատ պատասխանատվություն չվերցնել»: