Հայաստանի Հանրապետության դատախազությունը նախաձեռնել է «Օրինականություն» գիտագործնական պարբերականի բարեփոխումների աշխատանքներ՝ ուղղված տպագրվող հոդվածին ներկայացվող պահանջների և պարբերականի քաղաքականության փոփոխմանը, ինչպես նաև պարբերականը միջազգային հայտնի շտեմարանների չափանիշներին համապատասխանեցնելուն:
Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի համակարգմամբ, բարեփոխումներն ընթանում են մի քանի ուղղություններով՝ կանոնադրություն, խմբագրական խորհրդի կազմ, հոդվածներին ներկայացվող չափանիշներ, տպագրման թույլատրվող հոդվածների գիտականություն, տպագրման ժամանակացույց և պարբերականություն, պարտադիր և գաղտնի գրախոսության ինստիտուտ և այլն:
Այսուհետ, «Օրինականություն» գիտագործնական պարբերականի խմբագրական խորհրդի անդամ կարող են դառնալ միջազգային չափանիշներին համապատասխանող շտեմարաններում տպագրված հոդվածներ և առնվազն իրավաբանական գիտությունների թեկնածուի աստիճան ունեցող մասնագետները:
Հիմք ընդունելով միջազգային լավագույն փորձը՝ քայլեր են ձեռնարկվում ընդլայնելու խմբագրական խորհրդի անդամների աշխարհագրությունը՝ կազմում ներառելով օտարերկրացի իրավաբան-գիտնականների:
Խմբագրական խորհրդի կազմում ընդգրկվելու համար արդեն իսկ իրենց պատրաստակամությունն են հայտնել միջազգային հեղինակություն ունեցող մի շարք իրավաբաններ:
Դատախազությունն առաջիկայում կհրապարակի խմբագրական խորհրդի կազմը:
Հաշվի առնելով հոդվածներին ներկայացվող չափանիշների փոփոխությունը, ինչպես նաև պարտադիր գրախոսման ինստիտուտի ներդնումը՝ «Օրինականություն» գիտագործնական պարբերականն այսուհետ կհրապարակվի տարին երկու անգամ: