«Բազմադարյա պատմամշակութային կապերը՝ որպես հայ-իրանական բարեկամության առհավատչյա» աշխատաժողովը միավորել է երկու երկրների մասնագետներին: Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին նկատում է՝ հարևան երկրների հարաբերությունները տարեցտարի զարգանում են, տարբեր ոլորտներում գործակցությունը՝ ամրապնդվում:
Աբբաս Բադախշան Զոհուրի (Հայաստանում ԻԻՀ դեսպան) - Իրանագիտությունը Հայաստանում օր օրի զարգանում է: Այս տարվա ընթացքում սերտ կապեր են հաստատվել Հայաստանի և Իրանի գիտահետազոտական ինստիտուտների միջև: Երկկողմ հարաբերությունները զարգացնելու գործում սա կարևոր է: Պակաս կարևոր չէ նաև Մատենադարանի դերը:
Իրանը Հայաստանի քաղաքական և տնտեսական լավագույն գործընկերներից է, և երկու երկրի հարաբերությունները մշտապես կառուցված են եղել փոխադարձ հարգանքի, մշակութային հանդուրժողականության վրա՝ ընդգծում են վարչապետի աշխատակազմից, նշում՝ երկկողմ հարաբերությունների հիմքում երկու ժողովուրդների բարեկամությունն է:
Գոռ Ծառուկյան (ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն) - Մենք առանձնահատուկ շեշտում ենք Իրանում ապրող հայերի նկատմամբ բարիդրացիական վերաբերմունքը, որի վկայությունը ծաղկուն հայ համայնքն է և հայկական մշակութային ժառանգությունը, որը խնամքով պահպանվում է Իրանի կառավարության կողմից:
Երկու երկրների փոխհարաբերություններից մինչև լեզվական առանձնահատկություններ ու գրահրատարակչության ոլորտ: Աշխատաժողովի մասնակիցների քննարկման կիզակետում մշակութային ժառանգությունն է, ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները: Մատենադարանի տնօրենը նկատում է՝ միասնական ուժերով կարող են գործնականում ավելի շոշափելի արդյունքի հասնել:
Վահան Տեր-Ղևոնդյան (Մատենադարանի տնօրեն) - Հայագիտությունը Իրանում և իրանագիտությունը Հայաստանում անցել են մեծ ճանապարհ, և կարծես թե հասունանում է այն փուլը, հասունանում է այն շրջանը, երբ մենք պիտի մի քիչ ավելի խորացնենք համատեղ հետազոտությունները, համատեղ ծրագրերը և համատեղ հրատարակությունները, և սա բացելու է նոր հեռանկարներ, որովհետև պատմամշակութային կապերը, որ կան երկու ժողովուրդների միջև, անսպառ են:
Միջոցառման կազմակերպիչները նպատակ ունեն աշխատաժողովը դարձնել ամենամյա, որ Հայաստանի և Իրանի լավագույն գիտնականները մեկ հարթակում կարողանան երկկողմ հարաբերությունները զարգացնել: